Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիական համալսարանն օգնում է իր ուսանողին աշխատանք գտնել

Հասարակություն
unnamed-8

Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ Անի Պապանյանն այսօր ստացավ բակալավրի աստիճան և մտադիր է մագիստրատուրան շարունակել արտասահմանում: «Որոշակի առումով շփված լինելով դրսի փորձի հետ, հասկանում եմ, որ ինչքան էլ մենք ներսից փորձենք ինքներս մտածել, լավացնել, այդքան էլ չի ստացվի, ավելի ճիշտ է` դրսում արդեն զարգացած իրավահամակարգերը ուսումնասիրել ու եղած որոշակի արդյունքները բերել ու փորձել օգտագործել մեր իրավահամակարգում»,- նշում է Անին: Երիտասարդ իրավագետն արտերկրում ուսումն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալու ուղղությամբ դեռ չի մտածում, բայց իր մասնագիտական փորձը հայրենիքի զարգացմանն ի սպաս դնելու հստակ նպատակ ունի: «Չեմ կարող վստահ ասել, թե կվերադառնամ, բայց իմ ազդեցությունը թեկուզ դրսից Հայաստանում ունենալու մասին, կարող եմ վստահորեն ասել, որ կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Անի Պապանյանը: Անիի համակուրսեցի Հռիփսիմե Պապիկյանը Հայաստանը լքելու մասին ընկերուհու մտքերը չի կիսում և հայրենիքի հետագա զարգացման գործում լուրջ նպատակներ ունի: «Սպասելիքները շատ են, որ ամեն ինչ լավ կլինի: Փորձելու ենք Հայաստանում ինչ-որ դրական փոփոխությունների հասնել` մեր ստացած գիտելիքներով Հայաստանը ծաղկեցնելու ու մի քայլ առաջ գնալու համար»,- նշեց Հռիփսիմե Պապիկյանը: unnamed-9 unnamed-10 Անիի և Հռիփսիմեի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ավարտական դիպլոմներ ստացան շուրջ 250 բակալավրեր և մագիստրոսներ: Հայաստանում ֆրանսիական համալսարանի 11-րդ շրջանավարտներին ավարտական դիպլոմներ էր հանձնում ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, ով մեզ հետ զրույցում կարևորեց շրջանավարտների հետ աշխատանքը: unnamed-11 «Համալսարանը, բնականաբար, միշտ աջակցում է իր շրջանավարտներին հետագա աշխատանքի տեղավորման հարցում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը: Շրջանավարտներին շնորհավորելով` ռեկտորը նշեց, որ նրանք են երկրի հույսը և ապագան: