Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը սպասում էր թեյի, բայց հրավիրեցին բեմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen-agbu-1

ՀԲԸՄ 110-ամյակի միջոցառումների շրջանակներում «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել Սփյուռքը միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Կառավարության առաջիկա աշխատանքներին: Հարցին, թե իրականացնելո՞ւ է արդյոք 2014թ.-ին կառավարության ընդունած  ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական 10-ամյա ծրագիրը, թե՞ նոր ծրագիր է մշակելու, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ դիտարկելու են հին ծրագիրը և, եթե կարիք լինի փորձելու են ադապտացնել նորին: «Այս պահին մենք կառավարությունում ամփոփում ենք բոլոր այն ստրատեգիաները, բարեփոխումները, ծրագրերը, որոնք կան, այդ թվում նաև 2014թ.-ինը, և դրա բազայի վրա երկարաժամկետ ծրագիրը ձևավորելու ենք»,- նշեց ՀՀ վարչապետը: Կարեն Կարապետյանը փակագծեր բացեց նաև ներդրողներին գրավելու իր մշակած քաղաքականության մասին: «Կարծում եմ, որ Կառավարության առաջին կամ առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար, մրցունակ դաշտ ստեղծելը, և մի քանի անգամ ասել եմ` տարբեր վարկանիշներով, տարբեր արդյունքներով ամենաերջանիկ երկրների շարքում գտնվում են այն երկրները, որոնք ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար: Այդ երկրների մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ: Այդ իսկ պատճառով, առաջին խնդիրը` մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ գործարար մարդու համար: Այս պահին միայն դա բավարա՞ր է, որպեսզի մեր տնտեսությունը աշխուժանա: Մենք կարծում ենք, որ ոչ այնքան պատրաստ ենք մեր վրա վերցնելու որոշակի խթանողի դերակատարում, որպեսզի բիզնեսը աշխուժանա, ոգևորվի և հավատա»: Ներդրողներին գրավելու և բիզնես ոլորտում հաջողություններ գրանցելու շրջանակներում վարչապետը կարևոր համարեց նաև ՀՀ հարկային օրենսգրքի պարզեցումը՝ նշելով, որ կառավարության առաջնահերթ բարեփոխումների մեջ քննարկվում են նաև հարկային բարեփոխումները: varchapet-mark «Մենք պետք է հասկանանք հետևյալը` կարծում եմ, որ պարզեցման խնդիր կա, մենք հարկային օրենսգիրքը ընդունել ենք վերջերս, մենք շատ լավ գիտենք, որ ոչ բոլորի կողմից է դա ընդունվել և շատ լավ հասկանում ենք իրենց դժգոհությունները կամ որոշակի վերաբերմունքը, որը ձևակերպվում է այսպես. «Սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում եք, ստվերին որևիցե վերաբերմունք ցույց չենք տալիս», և դրա մեջ որոշակի ճշմարտություն գուցե և լինի, բայց մի բան հասկանում ենք ակնհայտ՝ եթե մենք ստվերի դեմ չպայքարենք, եթե մենք ստվերը չբերենք սպիտակ դաշտ, մենք ուղղակի ապագա չունենք, այդ իսկ պատճառով, երբ մենք այդ անհրաժեշտ քայլերը անենք, բիզնեսի հետ հետադարձ կապի մեջ լինենք, լսենք այն ցանկությունները, թե հարկային դաշտում ինչ բարեփոխումներ է պետք անել և ձևավորենք այդ կարծիքը, անպատճառ այդ քայլին գնալու ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը իր աշխատանքների արդյունավետության ճանապարհին կարևորեց հասարակության հետ հաստատուն հետադարձ կապի ստեղծումը: Հ. Գ. Ինչպես նշեց վարչապետը, ինքը սպասում էր, որ հանդիպումը կկայանա կլոր սեղանի շուրջ՝ թեյով, եւ չէր պատկերացնում, որ բեմի վրա ելույթ է ունենալու։ Հարցազրույցի ընթացքում ֆեյսբուքյան էջում հղված ոչ բոլոր հարցերը հնչեցին, հարցերը տրվեցին ընտրողաբար։ Խոստացան, որ մնացած բոլոր հարցերին կպատասխանի վարչապետի գրասենյակը։