Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքներն սկսեցին աշխատել. Արա Ղազարյանն արդեն փաստաբան է

Հասարակություն
ara

Ճանաչված իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն, ավարտելով Փաստաբանների դպրոցը, այսօր ստացավ փաստաբանի արտոնագիր: «Ա1+»-ի հետ զրույցում նա մեկնաբանեց իր այս որոշումը. «Որոշեցի ստանալ փաստաբանի արտոնագիր, քանի որ օրենքները սկսեցին աշխատել, այսինքն՝ գնալով սահմանափակվում է իմ ներկայությունը Եվրադատարանում եւ ազգային դատարանում: Այդ պատճառով ես որոշեցի լայնացնել իմ գործունեության շրջանակը, իսկ դրա միակ ձեւը օրենքով սահմանված կարգով, դա լիցենզիա ստանալն է: Ես արդեն կարող եմ մասնակցել նաեւ քրեական գործերով, լինել ոչ միայն տուժողի, այլեւ մեղադրյալի պաշտպան:Այսինքն, արդեն սահմանափակումներ չկան, իսկ մինչ այս ես կարող էի միայն Սահմանադրական դատարան, Եվրադատարանում հանդես գալ»: Բացի այդ, Արա Ղազարյանն, իր խոսքերով, այսպիսով ցանկանում էր  դառնալ փաստաբանական համայնքի անդամ. «Կուզենայի, որ փաստաբանները ավելի մտախոհ լինեն մարդու իրավունքներով: Փաստաբանությունը մրցույթ է, մրցակցություն է, մտնում ես պայքարի մեջ, դա պայքար է, սակայն դա չի նշանակում ամեն գնով՝ կա մարդու իրավունք: Եթե դու շատ ես ուզում հաղթել, քանի որ խաղի կանոններն են այդպիսին, արա, թող լինի այդպես, բայց կա մի բան, որի վրայով դու չես կարող անցնել, դա մարդու իրավունքներն են: Կուզենայի, որ փաստաբանները գնահատեն դա: Համայնքում, կարծում եմ, այս առումով, ես անելիք ունեմ՝ իմ փորձը կարող եմ բերել»: Քրեակա՞ն, թե քաղաքացիական գործեր, ո՞րն է առավել հոգեհարազատ. Արա Ղազարյանի պատասխանը կրկին մեկն է՝ անկախ ամեն ինչից՝ մարդու իրավունքները. «Դրանով էլ շատ առանձնահատուկ է, որ մարդու իրավունքները եթերի նման ամեն տեղ է, բոլոր անցքերում լցված է, եւ կապ չունի՝ դու կորպորատիվ իրավունքով ես զբաղվում, քրեական իրավունքով, ընտանեկան բռնությունների, թե՞ բանկային իրավունքով, մարդու իրավունքներն ամեն տեղ է: Պրակտիկ գործունեությամբ զբաղվում եմ 2001թ., ունեցել ենք ամենատարբեր ոլորտների վերաբերյալ գործեր, ունեցել ենք ամենատարբեր բնույթի մարդիկ՝ սկսած նախարարներից, նախկին դատախազներից, նախկին դատավորներից, սովորական քաղաքացիներից եւ այլն, եւ դա ապացուցում է, որ մարդու իրավունքներն ամեն տեղ են: Այդ իսկ պատճառով, մասնագիտական առումով միգուցե ավելի շատ զբաղվեմ քրեական գործերով, մասնավորապես միջազգային քրեական իրավունքը»: Ի դեպ, այս պահին արդեն կան գործեր, որոնք վստահվել են Արա Ղազարյանին՝ արդեն որպես փաստաբանի, որոնց մասին, սակայն, այս պահին խոսել նա չցանկացավ. «Նույնիսկ որոշ գործեր սպասում են, չեն ուղարկում: Ես ինքս էլ Եվրադատարանի իմ մի քանի գործեր դեռ չեմ ուղարկում, որպեսզի անունս գրվի որպես փաստաբան, այլ ոչ որպես իրավաբան. երբ որ գործի քննությունը սկսվում է, ամեն անգամ Փաստաբանների պալատի նախագահից առանձին պետք է ինձ համար թույլտվություն ստանալ: Հիմա, փաստորեն, ես դա արդեն շրջանցում եմ եւ միայն լիցենզիան արդեն բավարար է, որ գործը մինչեւ վերջ ներկայացնեմ»: