Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂՀ-ում ժողովրդավարության փոխարեն ավտորիտար մոդել է կառուցվում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen-grigoryan

ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունները կատարվում են նախագահ Բակո Սահակյանի համար: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանն՝ ավելացնելով. «Այսօր Բակո Սահակյանն ավելի վատ բան է կատարում՝ լարված սահման ունենալով՝ նախապատրաստվում է սահմանադրական փոփոխությունների եւ դրանք ունեն մեկ նպատակ՝ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրություն, մինչդեռ որեւիցե պահանջ չկար այնտեղ հասարակության կամ քաղաքական ուժերի կողմից»։ ԼՂՀ նոր Սահմանադրության վերջին գլուխը տեսական հնարավորություն է ստեղծում Բակո Սահակյանին իր լիազորությունների ավարտից՝ 2017թ. հետո, պաշտոնավարել անցումային շրջանում՝ մինչև 2020թ․, որից հետո նա կարող է ևս երկու անգամ հավակնել նախագահի պաշտոնին՝ մինչև 2030թ: «ԼՂՀ-ում ժողովրդավարություն ու զարգացում ապահովելուն հակառակ կառուցում են այլ մոդել՝ ավտորիատար, որտեղ իշխանությունը երկարաժամկետ է մնալու, եւ մի օր կարող է կանգնել Խորհրդային միության վտանգների առաջ, որտեղ համակարգը չաշխատեց»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը: Նախագծով սահմանվում է նաեւ նախագահական ուժեղ կառավարում, վերացվում է վարչապետի պաշտոնը, փոխարենը մտցվում է պետական նախարարի ինստիտուտ, որին, ինչպես և նախարարներին, նշանակում է նախագահը: «Ամեն ինչ արվում է, որ պատերազմի եւ խաղաղության ժամանակ ԼՂՀ պետական եւ սահմանադրական կարգը մաքսիմալ ադեկվատ լինի այն իրականությանը, որի շուրջ գոյատեւում է ԼՂՀ-ն»,- կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ԼՂՀ ԱԺ հերթական ընտրությունն անցկացվելու է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ: Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ լինելու է հիբրիդային տարբերակ. «Ունենալով բավականին ուժեղ խորհրդարան՝ այն կարող է խթանել ժողովրդավարական գործընթացներին, մյուս կողմից՝ կիսանախագահական, կիսախորհրդարանական համակարգը նաեւ հնարավորություն է տալիս գլխավոր-գերագույն հրամանատարի՝ երկրի ղեկավարի դերը չնվազեցնել»։   Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը հակառակ տեսակետին է՝ Սահմանադրական մոդելի փոփոխության խնդիր չկա ԼՂՀ-ում, այլ միայն գնալով ավելի է սահմանափակվում ժողովրդավարությունը. «Սահմանադրությունը որեւիցե ձեւով չէր խոչընդոտում, որ սահմանին Նախախորհրդարանի անդամներին չծեծեին, պատգամավոր Հայկ Խանումյանին չծեծեն։ Երբ անցնեն այդ մոդելին, դա ավելի վտանգավոր է՝ նախագահն ավելի ուժեղ կենտրոն կդառնա»: Սահմանադրության 1-ին հոդվածով նաեւ ԼՂՀ պաշտոնական անվանմանը ավելանում է Արցախի Հանրապետություն անվանումը, որոնք համարվում են նույնական: «Ադրբեջանական կողմը միշտ, ելնելով այն հանգամանքից, որ Ղարաբաղ անունը ինչ-որ թուրքական արմատներ ունի,  փորձում է շահագործել այն քարոզչական առումով: Նաեւ՝ տերմինների առումով ինչ-որ հայաշունչ մոտեցումներ ունենանք»,- նշեց Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ անվանման փոփոխությունն ուղղակի մեսիջ է՝ ուղղված եւ միջազգային հանրությանը, եւ նաեւ Ադրբեջանին։