Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում բնակչության և ծնելիության թվերը նվազել են (տեսանյութ)

Հասարակություն
asulis1

«Հայաստանում բնակչության թվաքանակը 2016  թվականի ինը ամիսների ընթացքում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է մոտ տասը հազարով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը: ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 993 հազար ինը հարյուր մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում ծնելիության թիվը նույնպես նվազել է՝ 2,3 տոկոսով: Սակայն մահվան դեպքերի նվազում ունենք՝ 2,5 տոկոսով: Տիկին Կոյումջյանը նշեց, որ ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Սյունիքում եւ Տավուշում: Մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են Լոռիում, Տավուշում, Շիրակում եւ Վայոց ձորում: Մեր երկրում այս տարի նվազել է նաեւ ամուսնությունների թիվը՝ 7,9 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Երևանում, Կոտայքում, ամենաքիչը՝ Գեղարքունիքի մարզում: Ամուսնալուծությունների թիվը նույնպես նվազել է նախորդ տարվա համեմատ՝ 4,2 տոկոսով: Կարինե Կոյումջյանը հավելեց, որ մեր երկրում կենսունակության մակարդակը 146,4 տոկոս է, ինչը նշանակում է, որ ծնելիության թիվը 40 տոկոսից ավելի ցուցանիշով գերազանցում է մահացության ցուցանիշին: Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են արյան շրջանառության հիվանդություններից՝ 47 տոկոս, ինչը, ըստ տիկին Կոյումջյանի, նվազման միտում ունի, քանի որ նախկինում այդ ցուցանիշը եղել է 50 տոկոսից ոչ պակաս: Նորագոյացություններից մահվան դեպքերը կազմել են 19, 8 տոկոս, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 8,2 տոկոս, մարսողական հիվանդություններից՝ 6 տոկոս, եւ վարակիչ հիվանդություններից՝ 0,9 տոկոս: