Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տպավորություն է, որ Անդրիաս Ղուկասյանի անազատության մեջ լինելը  կյանքի եւ մահու խնդիր է» (տեսանյութ)

Քաղաքականություն
Andrias

«Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանը եւ Կարեն Մեժլումյանը միջնորդություն են ներկայացրել դատարան՝ դադարեցնելու Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ գործն ուղարկել հատուկ քննչական ծառայություն: Կարեն Մեժլումյանի խոսքերով, նման միջնորդության հիմք են հանդիսանում «Ա1+», «Ազատություն», «Սիվիլնեթ» հեռուստաընկերությունների եւ կայքերի ուղիղ հեռարձակմամբ ներկայացված տեսանյութերի հետազոտությունները, որոնցում երեւում է, որ բախումները տեղի են ունեցել ոստիկանության սադրիչ գործողությունների արդյունքում: «Տեսանյութերում երեւում է նաեւ, որ ոչ Անդրիաս Ղուկասյանը, ոչ Արմեն Մարտիրոսյանը, ոչ Դավիթ Սանասարյանը զանգվածային անկարգությունների կոչերով չեն դիմել հավաքվածներին: Մեղադրանքը կառուցված է երկու ոստիկանի ցուցմունքի հիման վրա, ըստ որի՝ իբր Սարի թաղի դեպքերի ժամանակ Ա. Ղուկասյանը, Ա. Մարտիրոսյանն ու Դ. Սանասարյանը հավաքվածներին հորդորել են քարեր հավաքել եւ նետել ոստիկանների վրա: Ավելին, տեսանյութում պարզ երեւում եւ լսվում է, թե ինչպես է, մասնավորապես,  Սարի թաղի գործողությունների ընթացքում Արմեն Մարտիրոսյանը մի քանի անգամ բարձրախոսով դիմում հավաքվածներին՝ ասելով. «Ցուցարարների մեջ կան սադրիչներ, մի գնացեք իրենց ետեւից»: Նա նշեց նաեւ, որ տեսանյութերում երեւում է, թե ինչպես է Անդրիաս Ղուկասյանն ասում, որ իրենք գնում են դեպի ՊՊԾ գունդ, որպեսզի հոգեբանական ճնշում գործադրեն եւ բախում տեղի չունենա: Մինչդեռ դատարանը քրեական գործը դադարեցնելու փոխարեն մերժում է անգամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը եւ բավարարում է դատախազի՝ կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը: «Ակնհայտ է, որ դատարանն իր գործողություններով ասում է՝ մենք անելիք չունենք: Դատարանը պատնեշ է ստեղծել, այնպիսի տպավորություն է, որ նրանց համար կյանքի եւ մահու խնդիր է, որ Անդրիաս Ղուկասյանը պետք է լինի անազատության մեջ: Ակնհայտ է, որ կա քաղաքական հետապնդում: Իշխանությունները պետք  է սթափվեն եւ հասկանան, որ նման գործելաոճը հեռանկար չունի: Առաջիկայում գործը կուղարկվի Եվրոպական դատարան, հարկ է դադարեցնել անհիմն հետապնդումը»,-ասաց Ինեսա Պետրոսյանը; Ա. Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի խոսքերով, ստիպելով, որ ոստիկանությունը սուտ վկայություն տա, նախեւառաջ  հարվածի տակ են դնում հենց ոստիկանությանը: Նա տեղեկացրեց, որ քսաներկու պատգամավոր, բազմաթիվ հայտնի մարդիկ՝ մաթեմատիկոսներ, գիտնականներ երաշխավորագիր են ստորագրել, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Անդրիաս Ղուկասյանը չի խոչընդոտի գործի քննությանը: