Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրենավանի դպրոցականները ֆիզիկայի դասը սովորել են Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում

Հասարակություն
unnamed-28

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Դասը վարել է թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, իսկ Սուրենավանում աշակերտների աշխատանքը կազմակերպել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիկ Մարտիրոսյանը: Հատկանշական է, որ դասի թվային տարբերակը կախված չէ համացանցի արագությունից, և աշակերտները հնարավորություն ունեն ներկայացված դասընթացը դիտել բազմաթիվ անգամ ինչպես դպրոցում, այնպես էլ տանը, համակարգչի և հեռախոսի միջոցով: Դասը կազմակերպվել է` օգտագործելով «Մայքրոսոֆթ Միքս» ծրագիրը և «Մայքրոսոֆթի Յամմեր» տարածքը: Այսինքն, ըստ նոր մոտեցման` Սուրենավանի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր հնարավորություն են ունեցել ֆիզիկայի դասը սովորել Երևանի 198 ավագ դպրոցի 10-րդ դասարանում: Ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն` գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովելու միջոցով: Նշենք, որ տվյալ հանձնարարականի շրջանակում առաջին հեռավար դասընթացը կազմակերպվել էր «Այբ» դպրոցում` միաժամանակյա կապ  հաստատելով ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1,  Իջևանի թիվ 5 դպրոցների հետ, իսկ երրորդ դասը կկազմակերպվի հոկտեմբերի 28-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում` Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների համար: Դասընթացի կազմակերպման համար կօգտագործվի Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: