Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռիմա Դեմիրճյան. «Հոկտեմբերի 27-ի նման հանցագործությունները չեն բացահայտվում» (տեսանյութ)

Հասարակություն
Rima-Demirchyan

«Եթե բացահայտվի, ապա դա կարող է պատահականության արդյունք լինել. Հոկտեմբերի 27-ի նման հանցագործությունները չեն բացահայտվում»,- Կոմիտասի անվան պանթեոնում այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:  Նրա կարծիքով, այդ օրն ամեն ինչ մինչեւ վերջ մտածված էր: «Սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր: Քենեդիի սպանությունը բացահայտվե՞ց, չբացահայտվեց: Ես միայն մի բան գիտեմ, որ Կարեն Դեմիրճյանը շատերին էր խանգարում ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում, սա գլոբալ քաղաքականության հարց է»: Նրա կարծիքով, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, ապա հիմա բոլորովին այլ Հայաստան կունենայինք. «Ես չեմ ստի, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, ապա ամեն ինչ շատ լավ կլիներ, քանի որ ժամանակները դժվար են, սակայն հիմա այլ Հայաստան կունենայինք»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ հանցագործությունը խաթարել է երկրի կյանքը, ողջ հասարակության հանգիստը եւ հավատը: Նա նշեց նաեւ, որ Կարեն Դեմիրճյանի երազանքն էր անկախ եւ հզոր Հայաստանը. «Նա ասում էր՝ անկախությունը լավ բան է, բայց պետք է այն ապահովես»: