Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ազատ ոճայինները պարզեցին ուժեղագույններին

Սպորտ
sport-borba

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: Հանրապետության ուժեղագույն ըմբիշները վիճարկեցին ոչ միայն ոսկե մեդալները, այլեւ մեր ազգային հավաքականում հանդես գալու իրավունքը: Տարբեր քաշային կարգում հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Նարեկ Հովհաննիսյանը (57 կգ քաշային կարգ, ԲԿՄԱ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, ՕՀՔ), Նարեկ Սիրունյանը (65 կգ, Վանաձոր), Խաչատուր Պապիկյանը (70 կգ, Գյումրի), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, «Մալաթիա»), Վահե Թամրազյանը (86 կգ, ՌԿՄԴ), Գեորգի Կետոեւը (97 կգ, ՀԱՕԿ), Լեւան Բերիանիձեն (125 կգ, ՀԱՕԿ): Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանն առաջնության ավարտից հետո դժգոհեց ըմբիշների ֆիզիկական պատրաստվածությունից: «Ըմբիշների անձնական մարզիչների խնդրանքով այս անգամ մենք կենտրոնացված մարզումներ չանցկացրինք առաջնությունից առաջ: Ցավոք, մասնակիցները ֆիզիկապես լավ պատրաստ չէին մրցաշարին: Զարմանալի չէ, որ գոտեմարտերի վերջում անգամ հաղթողները հոգնում էին եւ պասիվություն դրսեւորում:Ուրախալին այն է, որ երիտասարդ ըմբիշները նույնպես հաջող հանդես եկան եւ կարողացան մրցանակային տեղեր գրավել»: Խոսելով իր գլխավորած հավաքականի նոր կազմի մասին, Արայիկ Բաղդատյանն ասաց, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի հետ դեռ պետք է վերլուծեն առաջնության արդյունքները, որից հետո նոր կգան վերջնական հայտարարի: