Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փնտրվում է «Սասնա ծռեր»-ի անդամի գործով վկան (տեսանյութ)

Քաղաքականություն
armen-miqayelyan

Փնտրվում է  «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Միքայելյանի գործով վկան: Ըստ քրեական գործի՝   հենց նրա ներկայությամբ են ակտիվիստ մոտից ոստիկանության բաժնում հայտնաբերել թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ձեր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն վկան ՀՀ-ում է գտնվում, հասցեն ճշտվել է նաեւ հասցեների բյուրոյի կողմից, ես գտնում եմ, որ միտում կա ոստիկանության կողմից վկային անպայման դատարան չբերելու»,- դատարանում հայտարարեց պաշտպան Երվանդ Վարոսյանը: Քանի որ առանց վկայի գործի քննությունը չէր կարող շարունակվել, դատավորը դիմեց կողմերին՝  նիստի հետագա ընթացքը քննարկելու համար: Դատախազ Հակոբ Ենոքյանը  նշեց, որ պաշտպանական կողմը  ամեն ինչ անելու է, որպեսզի  վկան ներկայանա: Ուստի  թողնում է դատարանի հայեցողությանը։ «Մենք կարող ենք ոչինչ  չպնդել,   եթե մեղադրողը հրաժարվի  ապացույցից՝ անձնական խուզարկությամբ իբրեւ թե հայտնաբերված զենքից»,- հակադարձեց  Լուսինե Սահակյանը Միաժամանակ պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդեց որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել  ընթերակա նշված երկրորդ անձին՝  Հարություն Գասպարյանին: Դատավոր  հետաքրքրվեց մեղադրողից, թե մյուս ընթերակային որպես վկա  ինչու չեն ընդգրկել գործում։ «Ես չեմ կարող այդ հանգամանքը պարզաբանել, նախաքննական մարմինը դատակոչել է, գործը եկել  դատարան եւ ես որեւէ խնդիր չեմ տեսել, որ դատակոչի ցուցակի մեջ անձը լինի, կամ չլինի»,- պարզաբանեց  դատախազը: Բացի այդ, պաշտպանական կողմը   խնդրեց վկային բերման ենթարկելու որոշումը այս անգամ հանձնարարել ոստիկանության Երեւան քաղաքի վարչությանը: Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի  երկու միջնորդությունները. « Ես չեմ ուզում հիմա չակերտներ բացել, ես կասկածներ ունեմ, որ այդ երկու ընթերակաները մասնակցել են գործողություն ասվածին, հայտնաբերմանը: Այդ մասին դատավարության հաջորդ փուլերում, ընթերակա վկան տիրապետում է այնպիսի տեղեկությունների, որոնք  կամա թե ակամա հիմնավորելու են այս գործի շինծու լինելը»,- ավելացնում է պաշտպան Երվանդ Վարոսյանը: Իր պաշտպանյալի մոտ զենք հայտնաբերելը պաշտպանը կապում է  Արմեն Միքայելյանի  քաղաքական գործունեության հետ: «Կապված է այդ օրերին տիրող վիճակի հետ, կապված է Հիմնադիր խորհրդարանի անդամ լինելու եւ Խորենացի փողոցում հանրահավաքներին մասնակցելու հետ»: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  գործով դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 9-ին: