Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ բացահայտումները ձևական են. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ashot

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ամփոփել է լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտելու 2016 թվականի երրորդ եռամսյակում տեղի ունեցած դեպքերը: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ցավով է նշում, որ դեպքերի թիվն աճել է. «Հիմնական դեպքերն, այս եռամսյակում,  գրանցվել են հուլիսյան դեպքերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավումը զուգորդվել է ԶԼՄ ների ներկայացուցիչների նկատմամբ լայնամասշտաբ բռնություններով եւ օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով: Արձանագրվել է ֆիզիկական բռնության 5 դեպք, որի ընթացքում տուժել է 20 լրագրող եւ օպերատոր: ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների թիվը հասել է 16-ի, իսկ տեղեկատվություն ստանալու եւ այն տարածելու իրավունքի 9 խախտում է գրանցվել»: Աշոտ Մելիքյանը հատկանշական է համարում, որ հուլիսյան իրադարձություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց, ՀՔԾ-ն սկսեց ակտիվ գործունեություն իրականացնել. «ՀՔԾ սկսեց բացահայտումներ անել ու դրանք կապված էին նաեւ նախորդ տարվա էլեկտրիկ Երեւանի դեպքերի հետ: Մեղադրանք է սակայն ներկայացվել միայն 4 ոստիկանի, այնինչ տուժող էին ճանաչվել 20 լրագրող եւ օպերատոր: Իսկ հուլիսյան դեպքերից հետո մեղադրանք է առաջադրվել 8 անձի: Այս քայլերը ամենեւին համարժեք չեն բռնությունների ծավալներին»: Այս ամենը Խոսքի ազատության կենտրոնը համարում է ձեւական. «Մի քանի հոգի քավության նոխազ են դարձել: Իրականում պետք է պատժվեն բոլոր այն մարդիկ, որոնց մասնակցությամբ վիդեոները ողողված են համացանցում: Բայց այդ ամենի համար առաջին հերթին քաղաքական կամք է պետք, որը չկա»: Ի դեպ, Աշոտ Մելիքյանը հայտարարեց նաեւ, որ հեռուստաընկերությունների գործունեության օրենսդրական դաշտը բարելավելու համար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել են օրինագիծ. «Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել օրենքում եւ թվային հեռարձակման պայմաններում ազատականացնել մասնավոր մուլտիպլեքսորների մուտքը շուկա»: Պարոն Մելիքյանը վստահ է, որ այս օրենքը կլուծի նաեւ մարզային շատ հեռուստաընկերությունների խնդիրը: