Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստիպված հրաժարվում են Հայաստանի քաղաքացիությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
saylak-1

Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիները  անտրամադիր են վերադառնում հայրենիք։ «Փող չենք ստացել, թողել հետ ենք եկել։ Թե երբ փող կուղարկեն՝ Աստված գիտի»,- ասում է Արամայիս Կարապետյանը։ Գումար վաստակելու ակնկալիքները տարեցտարի նվազում են։ «Մյուս տարիներին ավելի շատ է եղել գործը, պահանջներ է եղել գործի։ Բայց գնալով ավելի է կրճատվում»։ Նովոկուզնեցկից վերադարձող Վեդիի բնակիչ Հրաչ Մարտիրոսյանին «Զվարթնոց» օդանավակայանում  թոռներն են դիմավորում։ «Ստիպված բոլորն էլ գնում են։ Չեն կարող չգնալ, բա բանկերը ո՞վ է փակելու, կրեդիտները ո՞վ է փակելու։ Բա պիտի գնաս, բա էս թոռնիկներին ո՞վ պիտի պահի»,- ասում է Հրաչը։ Հրաչ Մարտիրոսյանին  աշխատավարձ վճարել են,  սակայն այդքան էլ ոգևորված չէ։ Փոխարժեքի տատանման հետևանքով ընտանիքը այս տարի ևս ավելի քիչ եկամուտ կունենա։ «Փողը համարյա կես է կանգնում։ Էն ժամանակ գնում էինք անում էր 1000-1200 դոլար ամիսը, հիմա կանգնում է 600»։ Որքան էլ  Ռուսաստանում գումար վաստակելը դարձել է դժվար, ինքնաթիռները դատարկ չեն  մեկնում Երեւանից։ «Մեր հարազատ հողի պես  ամբողջ աշխարհում չկա։ Ճիշտը այստեղ մնալն է, բայց որ աշխատանք չկա, ստիպված գնում ենք։ Մենք հասակով ենք, մեզ ստեղ ոչ մեկ աշխատանք չի տալիս»,- նշում է Կամո Կարապետյանը։ Մոսկվայում  վերանորոգման աշխատանքներ է իրականացնում, ակնկալիքով է մեկնում։ «Տեղ կա լավ ա, տեղ կա վատ ա, չենք հարմարվել, դրա համար գերադասել եմ դուրսը աշխատել»։ Ռուսաստանաբնակ հայի  հետ ամուսնացել ու 6 տարի առաջ Մոսկվա մշտական բնակության է տեղափոխվել Անուշ Ուզունյանը։ Նա էլ մեկնողներից է՝ երկու փոքրիկների հետ։ Վերադառնալու  մասին ինքն ու ամուսինը դեռ չեն մտածում։ «Շատ թանկացել է ամեն ինչ ստեղ, աշխատավարձիդ չափը չի համապատասխանում առևտրիդ հետ»,- ասում է Անուշը։ Երեխաներին ռուսական դպրոց են տանելու, բայց ինքնությունը պահելու համար տանը հայերեն են խոսում։ Այնուամենայնիվ, ստիպված է եղել հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ «Այնտեղ ապրելով պիտի քաղաքացիություն ունենաս, որ իրենց օրենքներից, իրենց պայմաններից օգտվես։ Սոցիալական ծանր պայմաններից դուրս գալու ճանապարհը երեք տարի առաջ Ռուսաստան գնալու մեջ են տեսել արմավիրցի Անգին Պողոսյանի ընտանիքի անդամները։ Մոսկվայում է բնակվում  ամուսնու, որդու և երկու աղջիկների հետ։ «Իմ մազերին որ նայում ես, ինձ չի սազում մեկնելը, բայց ստիպված ենք մեկնել, միայն աշխատանքի համար։ Դժգոհ չենք, գալիս ենք էստեղ հիասթափվում ենք մեր ապրելուց։ Էդքան բանն արել դրել ենք, բայց չենք կարողանում ապրել»։ Այնտեղ էլ հեշտ չէ ապրելը, չնայած որ ընտանիքում աշխատում են բոլորը։ Գումար ետ գցել չեն կարողանում, սակայն ապրելակերպը ինչ-որ չափով լավացել է։ «Ամբողջ կյանքում աշխատել ենք, լավ ենք աշխատել, հետո էս վերջում հարկերը շատացավ, վարկ էինք վերցրել, չկարողացանք տակից դուրս գալ, հնարավոր չէ այստեղ ինչ-որ բան հետ գցել, ստիպված մեկնեցինք էնտեղ, մենք հիմա չունենք վարկեր։ Հետ գալու մասին միշտ են մտածում, սակայն դեռ չեն պատրաստվում։ «Մենք կզգանք, որ այստեղ կարանք ապրել, հետ կգանք, ոչ մի բան մեզ այնտեղ չի կապում, միայն աշխատանքը, ապրելակերպը»,- նշում է Անգին Պողոսյանը։ 2008 թվականից ի վեր Հայաստանից անվերադարձ հեռացել է 296988 մարդ։