Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատերն իրենց պահում են փնթի ու նույնիսկ խոզի պես»

Քաղաքականություն
ruzan-muradyan

ԱԺ-ն այսօր «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն իր հիացմունքն արտահայտեց նախագծի հեղինակ, ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին ու շնորհակալություն հայտնեց. «Սա մի օրենք է, որը պահանջված էր վաղուց: Չկա մի մարդ, որի մտքում այս խնդիրը անցկացրած չլինի: Ուղղակի կուզենայի իմանալ, թե ի՞նչ եղանակով է էկոլոգիական կրթությունն իրականանացվելու, հատուկ առարկա՞ է լինելու եւ ի՞նչ բյուջեով է իրականացվելու: Օրինակ՝ ես հիշում եմ դպրոցում անցնում էինք էթիկայի դասեր, մեզ սովորեցնում էին՝ ինչպես օգտվել դանակ-պատառաքաղից: Հիմա շատ բնակավայրերում դրա պակասը կա: Կարծում եմ՝ այս հարցը գյուղական համայնքների խնդիրը պետք է լինի, ոչ միայն դպրոցների. այդ դասերը պետք է գյուղապետերն էլ սովորեն, դա պետք է լինի ցանկացած հայ մարդու առօրյա: Լինելով արտասահմանում՝ նախանձով ենք միշտ նայել այնտեղ ձեւավորված մշակույթին: Գիտեմ, որ մի ծաղկով գարուն չի գա, երբ փորձել ենք այն տեղայնացնել, սակայն պետք է ջանքեր գործադրել»: Ռուզան Մուրադյանը պատասխանեց՝ ասելով՝ էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը հատուկ առարկա եղել է անգամ Սովետական տարիներին. «Ես կողմնակից եմ, որ այս գիտությունը, հաշվի առնելով երեխաների տարիքը, դասագրքերում որպես ընթերցանության նյութ լինի, իսկ ավագ դպրոցում՝ հատուկ առարկա, որ բարձր դասարանցիները խորանան գիտական ոլորտում: Այս առարկան պետք է լինի մատչելի, մի ընդհանուր ծրագիր բոլորի համար՝ եւ ծնողի, եւ երեխայի համար. միայն դպրոցը չէ, որ պետք է երեխայի դաստիարակությամբ զբաղվի: Պետք է ամեն ինչի մասին խոսել՝ սկսած թուղթը աղբաման չգցելու խնդրից»: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր ելույթում էլ ավելի բնորոշիչ բառերով արտահայտվեց բնության պահպանման եւ այն վնասողների մասին. «Սա  շատ ողջունելի նախագիծ է, քանի որ շատ հաճախ մեր հայրենակիցներն իրենց շատ փնթի ու նույնիսկ խոզի պես են պահում՝ մեքենաներից ինչ-որ բաներ են նետում դուրս: Դա հատկապես ակնհայտ է միջպետական ճանապարհներին: Իսկ գետակների հուների մոտ, մշակութային կոթողների շրջակայքում, ընդհանրապես բնության կեղտոտելը, ծառերի կողքն ու բոլորը կեղտոտ պահելը ծանր հետեւանքներով հղի կլինի հետագայում: Այդ աղտոտության հետևանքներն էր նաեւ Արթիկի հեղեղը, երբ մարդիկ տարել, աղբը լցրել էին գետի հունի մեջ»: