Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհահռչակ «Տոսկայի» հայաստանյան պրեմիերան

Մշակույթ
toska

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի հանրահայտ  «Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան: «Տոսկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից է, առաջնախաղը կայացել  է 1900 թվականի հունվարի 14- ին՝ Հռոմում: Հայաստանյան ներկայացման բեմադրող ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է, որը ներկայացումից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ օպերան արդիականացրել է, ավելի դինամիկ է դարձրել և հանդիսատեսի համար, չնայած իտալերենի չիմացությանը՝ հետաքրքիր կլինի. «Փորձել եմ բեմադրել այնպես, որ իտալերենին չտիրապետող հանդիսատեսն ամբողջովին ընկալի օպերան, սյուժեից, մինչև հերոսների ապրումները: Վերջին երկու ամսում մեծ աշխատանք է կատարվել, թատրոնի յուրաքանչյուր աշխատող մեծ ավանդ ունի սպասվող պրեմիերայում»,- նշում Նաիրե Ստեփանյանը: Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էին նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, բեմադրող դիրիժոր  Ջանլուկա Մարչանոն  (Իտալիա ),  թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, ինպես նաև հրավիրյալ լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը ( Ռուսաստան ), որոնք նույնպես շնորհակալություն հայտնեցին բոլոր աշխատողներին,- « շնորհակալ եմ բոլորին, ովքեր 24 ժամ աշխատում էին, որ պրեմիերան կայանա»,- նշում է թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Պրեմերիան հանդիսատեսի կողմից ընդունվեց բուռն և երկարատև ծափահարություններով: Հոկտեմբերի 24- ին բեմադրության հերթական ներկայացումն է, արդեն այլ դերակատարներով: