Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկիր մտնող փողը գնում է կոռուպցիայի վրա (տեսանյութ)

Տնտեսություն
vahagn

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բնականոն է համարում նախընտրական փուլում ՀՀ իշխանությունների կողմից Կառավարության փոփոխությունը. «Կառավարության այս կազմը սուր քննադատության  թիրախ այդպես արագ չի դառնա: Այն, որ այս նոր կառավարությունը հայտարարեց եկող տարվա պետական բյուջեի հարյուր միլիարդի չափով կրճատման մասին, դա լուրջ թիվ է: Իրական տնտեսական աճի սպասելիքներն այս պարագայում քիչ կլինեն»: «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկմանը ներկա էր նաեւ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որի դիտարկմամբ՝ նոր կառավարությունն իր ձեւավորման  քսան օրվա ընթացքում կոռուպցիայի մասին խոսք չասաց, ինչպես նաեւ՝ մենաշնորհների մասին. «Երբ վարչապետն ասում է մեզ նման փոքր տնտեսությունների համար մենաշնորհները նորմալ են, ուրեմն իրենք կամ պրոֆեսիոնալ չեն, կամ իրենց լավ չեն բացատրել բուհում, կամ լավ չեն սովորել: Ինչպես նաեւ որեւէ անդրադարձ չեղավ ՓՄՁ-ներին, ու այս ամենի ամփոփ պատկերը Հարկային նոր օրենսգիրքն է, որից ենթադրում եմ, որ որեւէ բան չի փոխվել: Այս ամենը ես գնահատում եմ որպես անլուրջ վերաբերմունք»: Բանախոսներից Գործատուների հանրապետական կենտրոնի ղեկավար Գագիկ Մակարյանն իր հերթին նկատեց, որ այս պարագայում գործարար համայնքն էլ այնքան միամիտ չէ. «Կառավարության նկատմամբ ոչ թե վստահություն կա, այլ սիրաշահում հանրությանը: Տնտեսվարողները շատ զգուշավոր են ու ինչպես բնության մեջ ականջները սրած եղնիկը՝ նայում են, թե քամին որտեղից է փչում: Սակայն դրական մի բան կա այս Կառավարության մեջ՝ արագ արձագանքման ու լսելու կարողություն տեսա: Օրինակ՝ առաջարկներ էինք ներկայացրել, որոնք կառավարության հաջորդ նիստում արդեն բարձրաձայնվեցին: Այդ իմաստով այս կառավարությունը որոշակի հույսեր ներշնչում է: Ու, ընդհանրապես, մենք չենք կարող մեր բոլոր հույսերը սպառել, սպանել: Նախորդ կառավարության մասին կոռուպցիայի դեմ պայքարի պահով միշտ ասել եմ՝ եթե ձեռք ենք տվել, ուրեմն խաղում ենք, ու  մենք եւս պետք է մտնենք խաղի մեջ»: Իսկ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի կարծիքով՝ իսկապես լավ օրից չէ, որ մակրոտնտեսական այս զարգացումների պայմաններում կառավարություն ենք փոխում, թեեւ կիսով չափ պահպանվել է  հին նախարարական կազմը: Սակայն հանրային ընկալման մեջ Կառավարության վերաբերյալ դրական միտումներ կան. եթե դրանք միսուարյուն ստանան, ռեալ կարելի է դատել, թե ինչպիսին է կառավարության իրական մտադրությունները մասնավորապես հարկային ոլորտում ու արտաքին պարտքի սպասարկման առումով: Նկատենք, որ այս կառավարությունն աշխատելու է ընդամենը վեց-յոթ ամիս»: Ինչ վերաբերում է պետական պարտքի սպասարկմանը, որը այս տարվա դեկտեմբերին անցնելու է ռիսկային հիսուն տոկոսանոց շեմը, ապա Միքայել Մելքումյանը նկատեց՝ վարկերի հաշվին փողը մտել է տնտեսություն, սակայն արդյունավետ չի աշխատում: Կարծում եմ՝ վարչապետը ոչ թե ակնթարթային՝ կինդեր սյուրպիրիզի նման ցույց տա ակնթարթային փոփոխություններ, այլ հիմնավոր: Ի դեպ, 2020թ. պետական բյուջեի վրա մեկ միլիարդի պահանջ է դրվելու՝ պետական պարտքի սպասարկման համար: Սա լուրջ մարտահրավեր է: Սրանից խուսափելու համար լրջագույն գործիքներ են պետք»: Իսկ ըստ Վահագն Խաչատրյանի՝ երկիր մտնող փողը գնում  է կոռուպցիայի վրա»: