Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանում ընտրություններին ընդառաջ ծեծում են «անհնազանդներին»

Քաղաքականություն
yerevan-sevan

Սեւանում քաղաքապետի ընտրությունից մեկ օր առաջ լարվածությունը ծայրաստիճան աճել է: Ըստ  հավաստի տեղեկությունների, քաղաքում նախընտրական քարոզարշավի օրերին նկատվող բռնության ու ապօրինի կերպով ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը վերջին օրերին բազմապատկվել են: Թեկնածուներից մեկի օգտին «աշխատող» քրեական վարքագծով հայտնի խմբերը «Կբո» մականունով մեկի գլխավորությամբ պտտվում են Սեւանի թաղամասերով եւ ահաբեկում երիտասարդությանը` պահանջելով ընտրել իրենց թեկնածուին, դիմադրություն ցույց տվողներին` ծեծում են կամ սպառնում զրկել ունեցվածքից կամ աշխատանքից: Գործի է դրվել նաեւ ընտրախախտումների «ավանդական» գործիքակազմը` դպրոցներում, պետական հիմնարկներում թեկնածուներից մեկի օգտին քարոզչություն, ընտրակաշառք եւ այլն: Մեր զրուցակիցը, որն անվտանգության նկատառումներով խնդրեց չհրապարակել իր անունը, տեղեկացնում է, որ այսօր ցերեկվա ժամին  քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում մի քանի հոգով տասնյակ քաղաքացիների ներկայությամբ ծեծել են գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի եղբորորդուն այն բանի համար, որ նա փորձել է խոչընդոտել ընտրակաշառք  բաժանելը: Սեւանցիները մտավախություն ունեն, որ  եթե այս  գործողություններն անպատիժ մնան, վաղը` ընտրությունների օրը, գործը կարող է հասնել արյունահեղության: Հիշեցնենք, որ  վաղը պայքարելու են գործող   քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, «Սեւան» ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանը և անկուսակցական Արա Սմբատյանը: