Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամբողջ Բյուրեղավանը սոված մեռնում է». ակցիա կառավարության առջև (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia-nkar-1

Տարիներ ի վեր խնդիրներից բողոքող քաղաքացիները Կառավարության շենքի մոտ այսօր մեծ հույսերով էին եկել։ Բյուրեղավանի շշերի գործարանի նախկին աշխատակիցների խումբը թվաքանակով մեծերից է։ 150 հոգի չի ստացել 5 ամսվա աշխատավարձ։ «Ով ուներ մոտավորապես 500 հազար դրամ աշխատավարձի պարտք, մոտավորապես կեսին գումարը բաժանեցին, բայց հետո միանգամից գումարը կտրվեց»,- ասում է Հովիկ Բորջյանը։ Մեկ այլ նախկին աշխատակից՝ Սամվել Դիլոյանը, հավելում է.  «Մեր պահանջը նաև նա է, որ գործարանը վերագործարկեն՝ ամբողջ Բոյւրեղավանը սոված մեռնում է, աշխատենք ապրենք»։ Բազմիցս դիմել են ինչպես կառավարությանն, այնպես էլ Սերժ Սարգսյանին։ 500 հոգանոց գործարանի սննկացման կառավարիչն էլ ասում է՝ կփակի պարտքերը, երբ փող կունենա։ «Բայց մեր աչքի առաջ, դա անպայման պետք է շեշտվի ու ուզում եմ, որ այս ձայնն անպայման մեր վարչապետին հասնի, որ մեր աչքի առաջ մեր գործարանը թալանվում է, քանդում են, ինչ հնարավոր է ծախել՝ ծախում են»,- նշում է Հովիկ Բորջյանը։ Բարձր տրամադրությամբ էին ներկայացել Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները։ Հայաստանի համար կենսական ներդրումային ծրագրերով հոկտեմբերի 6-ին Հայաստան է ժամանելու EU ASIA Busines Finance Centre հոլդինգի  պատվիրակությունը։ Նրանք կհանդիպեն վարչապետ Կարեն Կարապետյանին։ 1 միլիարդանոց ներդրումային ծրագրի մեջ մտնում է նաև Նաիրիտի վերագործարկումը։ «Մենք ուշի ուշով հետևելու ենք այդ օրվա բանակցություններին։ Այսօր ուզում ենք հանդիպել վարչապետի հետ, ուզում ենք հանդիպել նորանշանակ նախարարի հետ, ուզում ենք իրենց էլ հասցնել, որ Նաիրիտ գործարանը Հայաստանի տնտեսության ողնաշարն է և ողնաշարը կոտրել չի կարելի»,- ասում է Նաիրիտի նախկին աշխատակից Անահիտ Մանուկյանը։ Իսկ ամեն հինգշաբթի պարտաճանաչ ձևով կառավարության շենքի մոտ ներկայացող Նաիրիտի նախկին այս աշխատակիցն արդեն ցուցապաստառի դիրքով է վերաբերմունք արտահայտում։ «Կառավարության որոշումը սխալ էր, մի ամբողջ գործարան, մի ամբողջ ընտանիք քայքայեն՝ Սևակի խոսքերով՝ իրենց պետք եկած գունավոր մետաղի համար»։ Կառավարությունից պահանջներ ունեն նաև Կոնդի իրացման գոտու բնակիչները։ «Կենտրոնում մեր տները տվել ենք իրենց, մենք ռայոններում էլ չենք կարողանում տուն առնել։ Մեզ փոխհատուցում են առաջարկում՝ կոպեկներ, գրոշներ»,- Մհեր Կարախանյանը։ Նրանցից բացի, այստեղ են նաև Սեբաստիա 3Ա հասցեում բնակվող փախստական 26 ընտանիքներ, տարիներ ի վեր փախհատուցում չստացած հաշմանդամ նախկին օդաչուները։ Կառավարությունից ոչ ոք նրանց չմոտեցավ։