Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շատ սիրուն չպատասխանեցիք. 75 մլրդ բերում եք Երեւան, հետո նորից՝ տանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
hrant-bagratyan

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» հարցը: Փոխնախարարի խոսքով՝ այս նախագծի շնորհիվ դոտացիաների ներդաշնակ ու համաչափ բաշխում է իրականացվում համայնքների միջեւ. «Տասը տարվա ընթացքում այս գործընթացը հնարավոր է եղել իրականացնել սահուն, կանխատեսելի գործընթաց, որեւէ դժվարություն չի նկատվել: Այս համակարգի հիմքում պարզ սկզբունք է՝ դոտացիաները բաշխվել են ըստ եկամուտների՝ մեկ շնչին ընկնող, ըստ բնակչության թվաքանակի: Առաջակում ենք նաեւ նոր լուծումներ՝ համայնքները տարբերակել, իդենտիֆիկացնել, քանի որ վերոնշյալ երկու գործոնը ամբողջովին չի ներկայացնում համայնքների առանձնահատկությունները, հատկապես նրանց ծախսերի հետ կապված անհրաժեշտությունները: Դրա համար այս նախագիծն ենք բերել, որով դոտացիաների հաշվարկման բազմագործոն համակարգ ենք առաջարկում»: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը, հարց ուղղելով նրան, ասաց, որ այս նախագիծը հակասում է Սահմանադրությանը. «Սահմանադրությունը չի ասում, որ համայնքներին հողի ու գույքի հարկը պետք է դուք ամրագրեք, այդ դուք եք բյուջեով գրում: Համայնքների բյուջեի ֆինանսական ռեսուրսները կազմում են 25 տոկոս, մնացածը բերում են Երեւանից՝ դոտացիաների տեսքով: Միգուցե հակառա՞կն անեիք ու Երեւանից քիչ ստանային: Այս օրենքը ամբողջովին խառնաշփոթ է. դուք խրախուսում եք ներքին արտագաղթը՝ համայնքը պետք է մտածեր իր անդամներին իր մոտ պահելու մասին: Դուք չեք բերում օրենք, որ բնակչին համայնքը պահի իր մոտ: Կներեք, սա, իմ խորին համոզմամբ, խիստ հակասում է Սահմանադրությանը: Ապացուցեք ինձ հակառակը, դուք գցում եք մեզ երկմտության մեջ»: Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ոչ մի հակասություն չկա. «Համայնքների բյուջեները ոչ մի կերպ համադրելի չեն ՀՀ պետական բյուջեից ստանալիք գումարների հետ: Նման խնդիրն ունենք, մենք բազմիցս ենք այդ մասին հայտարարել: Իսկ այս նախագիծը վերաբերում է այսօր բյուջեից տրամադրվող ֆինանսական ռեսուրսներին, որոնք համահարթեցման ձեւով տրամադրվող գումարներին է վերաբերում»: Հրանտ Բագրատյանին չբավարարեցին նրա պատասխանները. «Շատ սիրուն չպատասխանեցիք հարցին՝ 75 մլրդ դրամ բերում եք Երեւան հետո՝ տանում նորից համայնք: Շահութահարկի տասը-քսան տոկոսը թողեք համայնքին: Ասում եք՝ հնարավորություն չկա՝ մեզնից չի՞ դա կախված, նույն փողն է: Խոշորացումից հետո, որին ես դեմ եմ եղել միշտ, համահարթեցման խնդիրը ուժեղացել է»: Վաչե Տերտերյանը նախ նշեց, որ համայնքների խոշորացմանը միշտ կողմ է եղել, քանի որ կառավարման տեսանկյունից արդյունք է բերում, իսկ համահարթեցման արդյունքում խնդիրը թուլանում է: