Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրությունը պաշտոնյաներին սպանվածի տեսքով է ուզում տեսնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
zara-3

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցի քննարկմանը այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հարց ուղղելով Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին, նշեց, որ նախարարի պաշտոնակատարը անկեղծ պարզաբանումներ տրամադրեց. «Սակայն ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է իշխանությունը չեզոքություն ցուցաբերում ռազմարդյունաբերության եւ ինովացիաների նկատմամբ: Նաեւ չեք քննարկել, որ օպտիմալացվի ու կրճատվի նախարարությունների քանակը»: Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ Կառավարության նախորդ կառուցվածքում ռազմարդյունաբերությունը հատուկ շեշտադրված չէր. «Ո՞վ ասաց, թե այդ ոլորտները դուրս են մնալու Կառավարության ուշադրությունից: Ընդհանրապես կարծում եմ, որ բնական է այս քննարկումը, սակայն դրա գինը չափազանց բարձրացված է, քանի որ քննարկելու, քննադատելու, խոսելու հնարավորություն շատ կունենաք դեռ: Նոր մոտեցումների մեկնարկը նախանշող անվանումներ են սրանք ընդամենը, սակայն երաշխիք չեն, որ հաջողության բանաձեւը այսպիսով կգա: Ոչ, հարգելի գործընկերներ: Հարգանքով եմ վերաբերում կառավարության օպտիմալացման ձեր մոտեցմանը՝ միգուցե լրացուցիչ անդրադարձ կատարենք դրան»: Այնուհետեւ, Զարուհի Փոստանջյանն իր ելույթում հայտարարեց, որ հանրության մեջ այսօր այնպիսի տրամադրություն է, որ բոլորը ուզում են պաշտոնյաներին սպանվածի տեսքով տեսնել. «Խնդիրն այն է, որ այսօր մարդկանց ոչ մի ընտրություն չեք թողել՝ 50 տոկոսից ավելին այսօր քաղցած են: Խոսում եք պրիմիտիվ գողությունից. դրա մասին հայտարարություն չեն անում, այլ իրավական ընթացք են տալիս: Եթե գողերին չեք պատժել, ապա մարդիկ իրենք են պատժելու՝ իրենց ձեռքով ու կյանքով, ինչպես դա տեսանք նաեւ ՊՊԾ գնդի գրավման դեպքում ու մեր հերոսների վարքագծով: Սա մտահոգություն է... Եթե մեկդ այստեղ...Տիկին Կարինե, եթե դուք չգիտեք, դա չի նշանակում, որ այդ հարցը չկա ու որեւէ մեկդ ապահովագրված չեք այդ խնդրից. այն կարող է ձեր դուռը թակել»: Զարուհի Փոստանջյանը բանավեճի բռնվեց ՀՀԿ պատգամավորի հետ եւ դահլիճից դուրս գալիս հայտարարեց. «Այս գող-ավազակների կառավարությունը պետք է լուծարվի»: «Կարգապահ պահեք ձեզ, տիկին Փոստանջյան. մարդկանց վիշտը չպետք է դարձնենք քաղաքական բանավեճի արգումենտ: Տիկին Փոստանջյան, դուք խանգարում եք, դուք ավարտել եք ձեր ելույթը»,- արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: