Պաշտպանության նախարարը պետք է ռուսերեն չխոսի. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Հայաստանի անկախության օրը զորահանդեսին զուգահեռ քաղաքացիների մի մասն էլ նշում է Երևանի Ազատության հրապարակում։ Նրանք դեմ են հայկական ուժերի զորահանդեսում օտար ուժերի առկայությանը։

Դավիթ Սանասարյանը հայտարարում է. «Հայաստանում պետք է ծառայեն բացառապես Հայաստանի Հանրապետության զինվորները։ Հայաստանի հրապարակում, ինչպես այսօր է, պետք է չծածանվեն ռուսական դրոշ, այլ երկրների դրոշներ, ՀՀ Պաշտպանության Նախարարը պետք է ռուսերեն չխոսի, ինչպես նա արեց այսօր»։

Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը հավելում է. «Մենք պետք է ասենք, որ սա մեր օրն է, ոչ թե Սերժ Սարգսյանի ու իր բանդայի։ Պետք է հայրենանվեր մարդիկ կանգնեն ու ռազմերթը անցկացնեն, ոչ թե Սերժ Սարգսյանն ու այլ մարդիկ»։

Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը պնդում է՝ Հայաստանը չունի բավարար անկախություն, անելիքներ ու բացթողումներ կան հասարակական կյանքում։

«Քաղաքացին, հայ մարդը ազատ չէ, արդարություն չի տիրում երկրի ներսում,  հասարակական համերաշխություն գոյություն չունի, առկա է սոցիալական և բոլոր առումներով խիստ բևեռվածություն։ Մեր երկրում իշխում է գաղութատիրոջ ծառա իշխանություններ, որոնք հանդգնում են անկախության 25-ամյակը նշել»։

Արցախի ու Հայաստանի համար կռված ազատամարտիկները քաղաքական գործունեության համար գտնվում են բանտերում։

«Այդ մարդիկ այսօր պայքարել են և պայքարում են տիրող անարդարության դեմ, տիրող գերիշխանության զիջման քաղաքականության դեմ, և այդ մարդիկ այսօր քաղաքական բանտարկյալներ են Հայաստան երկրում, սա այն փաստն է որն ապացուցում է, որ մենք ազատ երկրում չենք գտնվում»,- նշում է Ալեք Ենիգոմշյանը։

Ազատության հրապարակում ելույթներից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներով։ Շնորհավորելով Հայաստանի անկախության օրը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը նշեց. «Ցանկանում եմ, որ ամեն մեկս հպարտությունից բացի նաև պարտականություն զգանք երկիրը շենացնելու, երկիրը ժողովրդավարացնելու, երկիրն ազատականացնելու, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն լիարժեք տեր զգա, ազատ լինի»։

Երթի մասնակիցները նախ հասան Հանրապետության հրապարակ, որտեղ րոպեներ առաջ ավարտվել էր անկախության տոնին նվիրված զորահանդեսը։ Ընդդեմ ռուսական քաղաքականության կոչերով ու ելույթներով նրանք շարժվեցին Հայաստանում  Ռուսաստանի դեսպանատան մոտ։  Վերջին կանգառը Եռաբլուր պանթեոնն էր, որտեղ հրապարակեցին անկախության վերականգնման հռչակագիր։