Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«SOS»-ի դատը հետաձգվեց. սցենարիստը հակագազով էր եկել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
sos1

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ հոկտեմբերի 7-ը հետաձգվեց YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ ոստիկանության աշխատակիցների հայցով դատական նիստը։ Վիլեն Գայֆեջյանը հումորով է վերաբերվում հետաձգումներին. «Ի վերջո, չգիտեմ, երեւի դառնանք թոշակառու ու նոր ավարտվեն նիստերը»: Հետաձգման պատճառն այն է, որ Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը երկրից բացակայում է: Իսկ հայցվոր կողմ ոստիկանները վիրավորվել էին հաղորդաշարի 2015թ. մայիսի 24-ի թողարկումից, որտեղ ըստ հայցադիմումի՝ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Հայցվորները պահանջում են հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողներին վճարել փոխհատուցում մեկական մլն դրամի չափով՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: «Մի քիչ աբսուրդային էր. հայցը չի համապատասխանում իրականությանը. եղել է սցենար, եղել եմ ես՝ որպես դերասան, կարդացել եմ սցենար, եղել է մոնտաժ, այսինքն՝ այդ ընթացքում ով, ինչից է վիրավորվել, դա ինձն ընդհանրապես չի հուզում: Ներողություն հաստատ չեմ խնդրի այն բանի համար, որը չեմ արել»,- նշում է Վիլեն Գայֆեջյանը: sos Դատարան էր եկել նաեւ հակագազով մի քաղաքացի, որը, ինչպես հետո պարզվեց, հաղորդման նոր սցենարիստն է: Թե ինչու էր հակագազով եկել, այս եւ բոլոր հարցերին նա պատասխանում էր համառ լռությամբ: Նրա լռությունը բացատրում է «SOS» հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանը բացատրում է, թե ինչու է իրենց սցենարիստը հակագազով. «Մենք նախորդ սցենարիստի հետ կապված խնդիրներ ենք ունեցել: Այն ժամանակ ես էի գրում սցենարները, բայց տիտրերում այլ մարդու անուն էր գրվում, որի հանդեպ հետապնդումներ սկսվեց: Եվ որպեսզի լրացուցիչ գլխացավանքներ չլինեն, մեր նոր սցենարիստը, որին գտել ենք, ինքը հլը որ իր դեմքը չի բացի՝ մինչեւ ժամանակը չգա»: Հաղորդման հեղինակները վստահեցնում են՝ դատական նման գործընթացներով հնարավոր չէ լռեցնել իրենց՝ հաղորդաշարերը ոչ միայն կդառնան ավելի սուր, այլեւ անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչեւ Եվրադատարան: