Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետք է հստակ ասել՝ այսինչ ընկերությունը իրականում պատկանում է այսինչ պատգամավորին» (տեսանյութ)

Քաղաքականություն
hoktanyan

Ամառային ամիսները հակակոռուպցիոն  պայքարի ակտիվությամբ աչքի չընկան. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ավելացնելով, որ Արդարադատության նախարարը հայտարարել է, որ ԱԺ աշնանային նստաշրջանում  միգուցե հակակոռուպցիոն որոշ իրավական ակտեր ընդունվեն: Ըստ նրա՝ վարչապետին առընթեր ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը երբեք արդյունավետությամբ չի կարող աչքի ընկնել. «Պետք է դնել անկախ մարմնի ստեղծման հարցը: Որպես անկախ մարմնի թեկնածու՝ կարող է լինել ՀՔԾ-ն, որը կկենտրոնանա կոռուպցիոն հանցագործությունների վրա: Այսինքն, երբ ասում ենք անկախ մարմին, դա ինչ-որ խորհրդի տեսքով չի լինելու»: Նա  ընդգծեց, որ նաեւ ապօրինի հարստացման քրեականացման հարցը պետք է մտնի ԱԺ առաջիկա նստաշրջան, ինչպես խոստացել է Արդարադատության նախարարը. «ՄԱԿ-ի կոնվենցիայում, որը մենք վավերացրել ենք 2007թ., եւս կա այդ դրույթը, որը, սակայն, մեր երկրում ավելի հանձնարարականի բնույթ ուներ:  Հիմա արդեն դրա քրեականացման հարցը պետք է քննարկել»: Պարոն Հոկտանյանը նաեւ խոսեց իրական սեփականատերերի հայտնաբերման ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության մասին. «Պետք է հստակ ասել՝ այսինչ ընկերությունը իրականում պատկանում է այսինչ պատգամավորին: Այսօր շատ ընկերություններ ֆորմալ առումով տվյալ պատգամավորին չեն պատկանում, այլ իրենց բարեկամներին: Որպես առաջին քայլ՝ պետք է սկսել գնումների ոլորտից, հատկապես պետական գնումների. նախարարությունները որպես պատվիրատու են հանդես գալիս այս դեպքում: Աաջարկվում են իրավական մեխանիզմներ: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք. ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք: Ի դեպ, լուրջ ճնշում կա միջազգային կառույցների կողմից»: Արդյոք այս պարագայում ընդամենը քաղաքական կամքի խնդիր կա՞, որն այսօր չի դրսեւորվում: Մեր հարցին ի պատասխան Վարուժան Հոկտանյանը նշեց, որ առանց քաղաքական կամքի ոչինչ հնարավոր չէ. «Իշխանությունները ի վերջո պետք է ասեն, որ այսպես այլեւս շարունակել հնարավոր չէ, ու արվեն քայլեր, որ նույնիսկ կվնասեն իրենց շահերին: Այնպես չէ, որ բնության մեջ, աշխարհում չի եղել նման դեպքեր, օրինակ՝ Սինգապուրում: Իմ թույլ օպտիմիզմի հիմքն այն է, որ տնտեսական մեր այս վիճակում, եթե չլուծվի կոռուպցիոն խնդիրները, դա կբերի տնտեսական կոլապսի: Այսօր արդեն դոնոր կազմակերպությունները նայում են տվյալ երկրի կոռուպցիոն ցուցանիշներին եւ հետո միայն տալիս ֆինանսական աջակցություն: Իսկ մեր երկրում, ինչպես գիտեք, կապիտալն ավելի շատ դուրս է հոսում, քան ներդրումներ են լինում: Նմանատիպ իրավիճակները շատ երկրներում ստիպել են իշխանություններին լրջագույն քայլերի դիմել: Իսկ մեզ մոտ կգնան այդ քայլերին, թե  ոչ, չգիտեմ»: Նա վստահ է՝ երբ մեր երկրում ընտրությունների ինստիտուտը չի գործում, ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, կոռուպցիան չի կարող նվազել. «Մամուլի հրապարակումները այս մասին շատ են, ուղղակի ասողին լսող է պետք, իսկ դրա համար քաղաքական կամք է պետք: Ցավոք, մեր նման ավանդական երկրում շրջապատը սրբություն է, եւ ես պեսիմիստ եմ, որ մեր երկրում քաղաքական դաշտում եղբայրը եղբորը բանտ կնստեցնի»: