Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքանով  կկատարեմ վերեւի հրահանգները, կպարզվի աշխատանքում»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tigran-hakobyan

«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» գործակալության նախկին նախագահ ու տնօրեն, «Հայք» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանն ինքնառաջադրվել է  Հեռուստատեսության եւ  ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար: «Ես տեսա, որ մրցույթ է հայտարարվել, մասնակցել եմ,  օգոստոսի 22-ին առաջին փուլն անցել եմ, մասնագիտացված հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել, այնտեղ թեստավորում էր՝ հարց ու  պատասխան էր եւ այլն:  Մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ իմ թեկնածությունը պետք է մտնի ԱԺ օրակարգ,  եւ պատգամավորները պետք է որոշեն,  թե ես ինչքանով եմ համապատասխանում այդ գործին»,- «Ա1+»-ին ասաց Տիգրան Հակոբյանը: Դիտարկմանը, որ հանձնաժողովը հիմնականում  կատարում է վերեւից եկած հրահանգները, քաղաքական գործիչը պատասխանեց, որ իր բոլոր քայլերը հստակ գիտակցելով է անում. «Հիմա ինչքանով ես կկատարեմ վերեւից եկած հրահանգները կամ չեմ կատարի, կպարզվի իմ աշխատանքում, առաջ չընկնենք»: Միաժամանակ Տիգրան Հակոբյանը խորհուրդ է տալիս մի փոքր սպասել. «Աստված տա կամ Աստված չտա, եթե ընտրվեմ հանձնաժողովի անդամ , մյուս բոլոր հարցերին այն ժամանակ կկարողանամ պատասխանել՝ շատ ավելի ինֆորմացիա ունենալով՝ ի՞նչ հրահանգներ են իջեցվում, կատարո՞ւմ եմ, թե՞ չեմ կատարում»,- եզրափակեց Տիգրան Հակոբյանը։ Ի դեպ, նա  հանձնաժողովի անդամի միակ թեկնածուն է եղել: Իսկ թափուր տեղն առաջացել էր ՀՌԱՀ անդամ Արամ Մելքոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո։