Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարարն ուզում է 1 եվրոյով գնել «Նաիրիտը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit-3

«Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը ցանկանում է ներդրումներ կատարել «Նաիրիտ» գործարանում, սակայն կառավարությունը չի ընդունում ընկերության առաջարկները: Սլովակիայում բնակվող հոլդինգի տնօրեն Աշոտ Գրիգորյանը տեսակապի միջոցով  ասում է՝ եթե պետության հետ համաձայնության գա՝ մինչեւ 1 մլրդ դոլարի ներդրում կկատարի «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ու նրա տարածքում այլ արտադրություններ սկսելու համար. «Մեր նպատակն է ստանալ  կառավարությունից Նաիրիտ գործարանը 1 եվրոյով, ստանալ 5 տարի ժամկետով հարկային բարենպաստ պայմաններ եւ հետո  վերագործարկումից հետո տարածքում  մենք մի քանի այլ արտադրություններ էլ  կտեղավորենք»: «Նաիրիտի» վերագործարկմամբ մոտ 2000 աշխատատեղ կբացվի՝ ասում են գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք պնդում են, որ վերագործարկելը մեծ ջանքեր չի պահանջի. «Այն  կանգնեցվել է այնպես, որ  վերաթողարկելն անգամ մեծ ծախսերի հետ կապված չէ: Գործարանն աշխատունակ է»,- ասում է «Նաիրիտի» նախկին աշխատակից Գագիկ Ավետիսյանը: Ի դեպ, նախկին աշխատակիցները զգուշացնում են, որ եթե կառավարությունը չընդունի ներդրումային այս ծրագիրը, ապա նրանք գնալու են կտրուկ քայլերի. «Մենք նստացույց կանենք, փողոց կփակենք, որովհետեւ «Նաիրիտի» վերագործարկումը չափազանց կարեւոր է մեզ համար, միայն մեր գումարները տալով՝ նրանք կարծում էին մենք թեման կփակենք, բայց ոչ, մենք պայքարելու ենք»,- նշում է գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը: Հիշեցնենք, «Նաիրիտ» գործարանը չի շահագործվում 2010 թվականի մարտից: