Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր ոստիկանների անունները չեն հրապարակվում

Քաղաքականություն
Untitled-8

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարանյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող ոստիկանների առողջական վիճակի մասին տեղեկություններ հաղորդել, քանի որ ինքը բժիշկ չէ և իր պատասխանը կլինի սիրողական մակարդակի: Իսկ վիրավոր ոստիկանների անունները հրապարակելու հարցին ի պատասխան առաջարկեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը: Անունները կներկայացվեն առաջիկայում: Վիրավորված ոստիկաններից մեկը, ում վիճակը գնահատվում է ծանր, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Մեզ հետ զրույցում հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանն ասաց, որ այսօր հիվանդին անջատել են արհեստական շնչառության ապարատից, բայց նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Հունանյանը նշեց, որ վիրավոր ոստիկանների անունները չի կարող հրապարակել, քանի որ չգիտի։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից էլ հրաժարվեցին հեռախոսով որեւէ տեղեկություն տրամադրել այնտեղ տեղափոխված ոստիկանների վերաբերյալ։ Առողջապահության նախարարության լրատվական բաժնից նույնպես չցանկացան տրամադրել վիրավոր ոստիկանների տվյալները՝ խորհուրդ տալով հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, որում, ի դեպ, նույնպես բացակայում են դրանք։ Ոստիկանությունն այս պահի դրությամբ չի հրապարակում վիրավոր ոստիկանների անունները և նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ: