Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնություն կատարած ոստիկանի լիազորությունները պետք է կասեցվեն». ՄԻՊ (տեսանյութ)

Քաղաքականություն
ombudsmen

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ա1+»-ի հետ զրուցել է հուլիսի 30-ի դեպքերից ժամեր առաջ, երբ դեռ տեղի չէին ունեցել քաղաքացիների եւ լրագրողների նկատմամբ բռնություններն ու ծեծը: Օմբուդսմենը, մասնավորապես նշել է, որ աշխատում են շուրջօրյա, իրենց արագ արձագանքման խմբում կա բժիշկ, որը արձանագրում, ուսումնասիրում է բռնության բոլոր դեպքերը, վնասվածքները: Մինչ հուլիսի 30-ը օմբուդսմենի գրասենյակը ստացել է 120 ահազանգ հիմնականում բերման ենթարկելու մասին: «Համակարգային բնույթի առաջարկներ եմ ես արդեն հրապարակային ներկայացրել, թե ապագայում ինչպես անել՝ կանխելու մարդու իրավունքների հնարավոր բոլոր խախտումները: Օրինակ՝ բռնություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող ցանկացած ոստիկանի կամ պաշտոնյաների լիազորությունները պետք է կասեցվի՝ մինչեւ կոնկրետ վարույթների ավարտը: Նաեւ՝ կարծում եմ, որ այս գործերով պետք է բարձր չափով հրապարակայնություն ապահովել: Մենք հիմա առավելագույնս աշխատում ենք հրապարակայնության պայմաններում»,- վստահեցրեց Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ հիմա առավել ակնհայտ զգացվում է ատելության խոսքից ու քարոզչության կոչերից եկող վտանգը. «Հուլիսի 17-ից սկսած այս ամբողջ գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների լուրջ խախտումներով, որին նպաստեցին այդ նույն ատելության կոչերը: Արդյունքում էլ ավելի լարվեց իրավիճակը, որին նպաստեց նաեւ ՊՊԾ գնդում գտնվողների վարքագիծը, մասնավորապես խոսքը վերաբերում է մեքենաներ հրկիզելուն, ուղիղ եթերից բռնության կոչերին եւ այլն: Դա խնդրահարույց է հենց հարակից տների բնակիչների իրավունքների ապահովման տեսանկյունից, քանի որ հրապարակային մտահոգություններ արդեն կան»: Օմբուդսմենի խոսքերով՝ իրավապահներն իրենց հերթին պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը այս գործընթացի խաղաղ, անվնաս հանգուցալուծման համար: