Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվածի երեխան հարցնում է, թե ո՞ւր է հայրը (տեսանյութ)

Հասարակություն
armen-miq

Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը կմնա  ձերբակալված:  Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր օրինական է համարել նախաքննական մարմնի որոշումը:  Արմեն Միքայելյանի կինը շարունակում է պնդել՝  նրան ձերբակալելու հիմքեր ընդհանրապես չկային: «Ծնողներին ճանապարհում էինք տուն, դալանով մտանք ներս, երկու մեքենա սեւ ապակիներով եկան, մեր դիմացը շատ արագ կանգնեցին:  8-ից 10 հոգով դուրս եկան, բիրտ ուժ կիրառելը շատ մեղմ է ասելը, սարսափելի կոպիտ ձեւով խլեցին, գողացան ու մի մեքենայով արագ տարան: Քաղաքացիական շորերով անձինք  ի՞նչ իրավունք ունեն այդ ձեւով մարդուն գողանան»,- «Ա1+»-ին պատմեց Լիանա Եդիգարյանը: Դեպքը  տեղի է ունեցել  հուլիսի 27-ին, երբ նրանք  վերադառնում էին Խորենացի փողոցից:   Հաջորդը օրը  Լիանան  կարողացել է Ձերբակալվածների պահման վայրում տեսնել ամուսնուն:  «Ասեց, մեքենայի մեջ ձեռնաշղթաներ են հագցրել եւ մոտը զենք են գցել: Սարսափելի է, մարդու վրա գործ են ուզում հարուցել»: Ըստ ոստիկանության՝  Արմեն Միքայելյանը բերման է ենթարկվել  ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու,  կրելու կասկածանքով: Խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով: Մասնագիտությամբ ծրագրավորող Արմեն  Միքայելյանը   երեք անչափահաս երեխաներ ունի: Նրա 7 տարեկան տղան անընդհատ հարցնում է, թե ուր է հայրը:   «Փորձում ենք բացատրել:  Անընդհատ տեսնում է  ոստիկանների այդ բռնի ուժը,  ասում է էլի բռնեցին, էլի պապայիս»,- ավելացնում է Լիանա Եդիգարյանը: Վաղը  լրանում է Հիմնադիր խորհրդարանի անդամի ձերբակալման 72 ժամը: Դրանից հետո պարզ կլինի, նախաքննական մարմինը կդիմի՞ դատարան ՝ խափանման միջոցը ընտրելու վերաբերյալ, թե՝ ոչ: