Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Պապյանն ու Հ. Մարտիրոսյանն իրենց չեն տեսնում համակարգող խորհրդում (տեսանյութ)

Քաղաքականություն
ara-papyan-1

Քաղաքագետներ Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանն իրենց չեն տեսնում Համակարգող խորհրդի նախաձեռնող խմբում։ Հիշեցնենք, ապստամբներից Վարուժան Ավետիսյանը շաբաթ օրը ՊՊԾ գնդում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել էր Համակարգող խորհուրդ ստեղծել, որի կազմում, օրինակ, կլինեն Արա Պապյանն ու Հայկ Մարտիրոսյանը։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ընդգծում է, որ գերադասում  է չմիանալ որեւէ կազմակերպական խմբի, կոորդինացնող մարմնի կամ  կուսակցության, քանի որ իր անձնական անկախությունը ավելի թանկ է գնահատում.  «Իմ բնույթին բնորոշ  չէ։ Ես չեմ կարող կազմակերպչական գործ անել եւ ասել բառեր, որոնք բոլորի ականջին հաճո կլինեն, ես պետք է վերլուծություն կատարեմ, որոնք, վստահ եմ, ոչ բոլորի դուրը կգա։ Էնտեղ պետք է ասվի բաներ, ինչ որ ուզում են լսել։ Ես դրան համաձայն չեմ»։ Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ հանրային կարծիք ձեւավորելը շատ ավելի կարեւոր գործ է, քան 2000 հոգու առջեւ ճառեր ասելը։  Անդրադառնալով վստահության կորստին՝ նա նշեց. «Վստահությունը կորցնելու համար պետք է դրսեւորել վախկոտությունը, որը դուք հուսով եմ չեք տեսնում, պետք է դրսեւորել քծնանք, որը եւս չեք տեսնում, եւ պետք է կատարվեն քայլեր, որոնք ոչ օբյեկտիվ են եւ մասնագիտական շրջանակներից դուրս«։ Արա Պապյանի խոսքերով, սա անկախության 25 տարիների ընթացքում ամենամեծ քաղաքական ճգնաժամն է, որից ելք գտնելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունները գնան իրավիճակի մեղմացման։ Ապստամբները նման հնարավորություն տվել են՝ ազատելով իրենց մոտ գտնվող բոլոր ոստիկաններին։ Սակայն նրանց այս քայլը համարժեք պատասխան չի տալիս; «Իշխանությունը կարող էր ի պատասխան այս քայլի՝ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Անհասկանալի է, նաեւ թե ինչու է իշխանությունը սրում իրավիճակը՝չկատարելով սննդի եւ բուժօգնության մատակարարումը։  Ի վերջո, սա էլ է ուժի կիրառում իշխանության կողմից»։ Հայկ Մարտիրոսյանն իրատեսական չի համարում  նախագահի հրաժարականը, հատկապես այն պայմաններում, որ ապստամբների ձեռքում այլեւս պատանդներ չկան։ «Հիմա զինյալները շատ ավելի խոցելի են, իսկ իշխանությունը կորցնելու բան, տեսականորեն եւ գործնականում, չունի։  Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինի լուծումը, այս դեպքերից հետո իշխանությունը շատ ավելի է թուլանալու, քան երբեւէ»: Քաղաքագետը անդրադառնում է նաեւ իշխանության կողմից հետեւությունների եւ ենթադրությունների մասին  լռությանը. «Պարզ չէ, թե ինչ ենթադրություն  եւ հետևություն է արել, որ պետք է ավելի կո՞շտ լինել, որ որեւէ մեկն այլեւս զենք չվերցնի, թե՞ վերացնեն պատճառները, որոնք դրդել են մարդկանց գնալ նման քայլի»։ Ամեն դեպքում, բանախոսների կարծիքով, իշխանությունը պետք է հասկանա, որ գնդակը իրենց դաշտում է եւ ուժ ցուցադրելով, ավելի շատ ցույց է տալու իր թուլությունը։