Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԱՎ կոչը՝ հաղթահարել սովորական դարձած գործելակերպը

Քաղաքականություն
516049c6fc5c42d815140528209b7b49

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց և Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Նախագահի պաշտոնից հրաժարվելու, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջների հրապարակումից հետո իշխանությունները, հանձինս իրավապահ մարմինների, կիրառեցին լայնածավալ գործողություններ՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների, համակիրների և ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ: Անցած ութ օրերի ընթացքում տեղի են ունեցել ինքնաբուխ հավաքներ, երթեր, որոնց մասնակիցների հիմնական պահանջը եղել է՝ խուսափել ուժային մեթոդների կիրառումից և ստեղծված ճգնաժամը հաղթահարել միայն բանակցությունների միջոցով՝ հնարավոր արյունահեղությունը կանխելու և ճգնաժամը էլ ավելի չխորացնելու համար: Ինքնաբուխ հավաքները և երթերն ուղեկցվել են ոստիկանական ուժերի կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններով և ճնշումներով: Չնայած հավաքների մասնակիցների՝ իրավապահ մարմինների հետ բախումներից խուսափելուն ուղղված ջանքերին՝ այնուամենայնիվ որոշ դեպքերում հնարավոր չեղավ խուսափել բախումներից, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացան թե քաղաքացիներ, թե իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հարուցվեց քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հրահրման որակմամբ, որի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ: Միևնույն ժամանակ՝ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ, ըստ նրանց քաղաքական հայացքների, ապօրինությունների հիմքով ավելի ուշ հարուցված քրեական գործի շրջանակներում չենք տեսնում բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման ջանք և հետևողականություն, այդ թվում՝ ձերբակալության, կալանավորման փաստեր: Ավելին՝ ակնհայտ, առանց իրավական նորմերի պահպանման և որևէ ողջամիտ հիմնավորման, շարունակվում են խուզարկությունները, հետապնդումներն ու ճնշումները՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: ՀՀ իշխանությունները երկար ժամանակ իրենց ոչ իրավական գործողությունների հետևանքով՝ ձևավորելով անպատժելիության մթնոլորտ, ներկա ճգնաժամային իրավիճակում չեն փոխում իրենց գործելակերպը և շարունակում են խախտել մարդու իրավունքները. անձի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգումներից և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, իրավական պաշտպանության իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը, հավաքների ազատության և կարծիքների, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը,  որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ և որոնց պահպանումը ՀՀ իշխանությունների պարտականությունն է: Ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման կարևոր երաշխիքներ կարող են հանդիսանալ միմիայն իրավական պետության սկզբունքներին, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվությանը և անպատժելիության գործելակերպի վերացմանն ուղղված գործողությունները: Վերստին կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հաղթահարել տարիների ընթացքում սովորական դարձած գործելակերպը և ստեղծված ճգնաժամի իրավիճակում ջանքեր գործադրել՝ ուղղված մարդու իրավունքները բովանդակային և անվերապահորեն պահպանելուն և մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող գործողությունները կանխելուն: ՀՔԱՎ