Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանն ուզում է մասնակցել բանակցություններին

Քաղաքականություն
նախախ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը  խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ  արյունահեղություն չլինի: «Իր կողմից պատրաստ է անել հնարավորը,  որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը: Իր պաշտպանյալի հետ երեկ տեսակցած Արա Զաքարյանը փոխանցում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, ըստ որի՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ հարցը խաղաղ ձեւով լուծում կգտնի: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր  ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը ու  Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 20-ից կալանավորված է: Նա մեղադրվում է  մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Պաշտպան Արա Զաքարյանը նշում է, որ  գործի հետ կապված որեւէ նորություն չկա եւ  որեւէ գործողություն չի կատարվում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ: