«Եթե հորդորները չլսվեն, բոլորը կվնասազերծվեն». փոխոստիկանապետ (տեսանյութ)

«Մի խումբ անձինք այսօր մտել են ոստիկանության բաժին ու մինչ այս պահը պատանդ են պահում ոստիկանության աշխատակիցների: Հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հարությունյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստերղյանը եւ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եվս մի քանի հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց փոխոստիկանապետ  Հունան Պողոսյանը: Նա նշեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են. «Ոստիկանությունը առաջին իսկ վայրկյանից հորդորում է նրանց՝ հետ կանգնել հանցավոր մտադրություններից եւ հանձնվել իշխանություններին»:

Իսկ եթե հորդորները չլսվեն, ապա ըստ Հունան Պողոսյանի՝ նրանք կվնասազերծեն բոլորին. «Մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում»:

Նա նշեց, որ քանի դեռ հույսը չի կորել, թե ամեն ինչ կավարտվի բանակցությունների շնորհիվ, իրենք դեռ բանակցելու են:

Հունան Պողոսյանը  հավելեց նաեւ, որ  ներսում գտնվող մարդիկ միայն մի պահանջ են ներկայացրել՝ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակում:

Փոխոստիկանապետը պնդեց նաեւ, որ հարձակվողների կողմից վիրավորներ չկան: