Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոցփաթեթի կանխիկացումն ամբողջությամբ արգելված չէ. Ա. Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
arcvik

Այսօր կառավարության նիստի վերջում  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ձայնի իրավունք խնդրեց՝ անդրադառնալու համար նիստի սկզբում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարությանը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Իշխան Զաքարյանի  նշած՝ սոցփաթեթների  ապօրինի կանխիկացում արտահայտությունը տեղին չէ. «Որովհետեւ արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման և արդյունավետությունն առաջ տանելու մասին, որ քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, որ հանվում է այդ բաղադրիչը»: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց ու եւս մեկ անգամ հիշեցրեց, որ խոսք չի գնում սոցփաթեթներն ամբողջությամբ հանելու մասին. «Երեւի եւս մեկ անգամ հստակեցնեմ՝սոցիալական փաթեթը  2016 թվականի համար գործում է հստակ, ոնց որ նախատեսված է պետական բյուջեով: 2017-2019 թվականի միջնաժամկետ քննարկումների ընթացքում նախագծում դա  կասեցրել ենք, և այդ հանձնարարությունը, որը տրվել է երեք նախարարություններին, պետք է ներկայացնենք նոր գործիքակազմ՝ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը, իսկ 2017 թվականի բյուջեում մենք ընդգրկելու ենք այդ բաղադրիչը»: Վարչապետը նաեւ բացատրեց Արծվիկ Մինասյանին, թե ինչ նկատի ուներ Իշխան Զաքարյանը՝ խոսելով  կանխիկացման մասին. «Ինչ վերաբերում է կանխիկին և ոչ կանխիկին, Զաքարյան Իշխանը նկատի ուներ այն պայմանավորվածությունները, որոնք քաղաքացիները ձեռք են բերում առողջարանների հետ, գումարը փոխանցում են և գումարի մի մասը կորցնում են, իսկ մի մասը՝ կանխիկացնում: Սա է խնդիրը: Դրա համար սա պիտի քննարկվի»,- ասաց Աբրահամյանը: Իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պարզաբանեց, որ ապօրինի կանխիկացում արտահայտությունը վերաբերում է այն տուր-օպերատորներին, որոնք պետական բյուջեից ստացել են գումարները, սակայն մինչև վերջ տեղ չեն հասցրել,  կանխիկացրել են եւ օգտագործել այլ նպատակներով: