Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հազվագյուտ համախտանիշով երեխան ապրելու անհրաժեշտ պայմաններ չունի

Հասարակություն
Karlen-new

14-ամյա Կառլեն Գասպարյանը ծնված օրվանից հազվագյուտ հիվանդություն ունի՝ Թրիչեր Քոլինզի համախտանիշ։ Մի քանի շաբաթական է եղել, երբ բժիշկներն ախտորոշել են այս հիվանդությունը։ Այն ուղեկցվում է ականջի լսողական անցուղու անանցքությամբ, լսողության և տեսողության խնդիրներով։ Հիվանդության հետևանքով դեմքը և հատկապես՝ ականջները, ձևափոխված են։ Նա այժմ գլխին կրում է լսողական ապարատ, իսկ մի շարք այլ առողջական խնդիրներ այս հիվանդության հետևանք են։ «Ծննդատանը երրորդ օրը բժիշկը ցույց տվեց երեխայիս ականջների տարբերությունը և ասաց, որ ձախը չի լսում»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Կառլենի մայրը՝ Աղավնի Գասպարյանը։ Տղան երեք վիրահատություն է տարել։ Հիմա նրան մի շարք դեղեր են նշանակված՝ աչքերի, արյան հեմոգլոբինի կարգավորման, դիմադրողականությունը բարձրացնելու համար։ Սակայն հարցը միայն առողջական խնդիրները չեն։ Հասարակության վերաբերմունքը շրջապատից արտաքինով փոքր-ինչ տարբերվող մարդու հանդեպ դեռևս մնում է ոչ միանշանակ։ «Կառլենիս արտաքինի պատճառով երեխային շատ են դրսում նայում, ծիծաղում, ռեպլիկներ բաց թողնում։ Շատ դժվար է Կառլենիս մարդաշատ վայրերում լինելը։ Իսկ ինքն ամեն ինչ հասկանում է, հոգեպես ծանր է տանում, բարկություն է մոտն առաջանում։ Նույնիսկ իմ հետ է վիճում, որ պաշտպանեմ, կռվեմ իրեն խեթ հայացքով նայողների հետ։Մեր հասարակության մեջ չկա դեռևս այդ կուլտուրան. մարդուն չվիրավորելու։ Նայում են արտաքինին և արդեն որպես իրենց հավասար մարդ չեն ընդունում։ Այնինչ Կառլենի հետ զրուցելիս մարդիկ հաճույք են ստանում։ Նա շատ դրական էություն ունի»,-ասում է տղայի մայրը։ Տիկին Աղավնին միայնակ մայր է։ Այս տարիների ընթացքում դժվարությամբ մեծացրել է որդուն։ Սուղ պայմանների պատճառով չի կարողանում ապահովել որդու համար անհրաժեշտ դեղամիջոցները։ «Չգիտեմ՝ որի դեմ պայքարեմ.մեր աղքատությա՞ն, տուն չունենալո՞ւ, Կառլենի հիվանդությա՞ն, հոգեբանական ճնշվածությա՞ն, թե՞հասարակության վերաբերմունքի»,-ցավով նշում է նա։ Կառլենը հաճախ ուշագնացություններ է ունենում ներշնչանքի, նևրոզի, վատ սնվելու, վիտամինների պակասի պատճառով։ «Տղայիս առողջ, վիտամիններով հարուստ սնունդ է անհրաժեշտ։ Բայց չեմ կարողանում այդ ամենը ապահովել։ Հիմա քանի որ ինքը թերսնվում է, դրա պատճառով առողջությունը չի վերականգնվում»։  Տիկին Աղավնին չի գտել նաև մի աջակից կազմակերպություն, որի միջոցով կարողանար որդուն որևէ հանգստյան գոտի տանել։ «Ես գումար չունեմ, որ իմ միջոցներով որդուս տանեմ հանգստի։ Իսկ իրեն հիմա դա դեղերից ու սննդից առավել է անհրաժեշտ»։ Եթե միջոցներ չգտնվեն, այս ամառն էլ Կառլենը կանցկացնի տանը։ Ավելի ճիշտ՝ վարձով բնակարանում, որտեղ ապրում են արդեն 20 տարի։ Ինչպես մայրն է նշում՝ Կառլենը երազում է սեփական տուն ունենալ, դառնալ հայտնի ֆուտբոլիստ, թեև սրտի հետ կապված խնդիրների պատճառով չի կարող։ Իսկ տղայի ամենամեծ ցանկությունն է ապրել մի հասարակության մեջ, որտեղ կարծրատիպեր չկան։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին իրականացել էր Կառլենի երազանքներից մեկը. նա հանդիպել էր սիրելի ֆուտբոլիստի՝ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Երեխային աջակցելու համար բացված են հետևյալ հաշվեհամարները. ՎՏԲ բանկ AMD 16056019949100 USD 16056019949101 EUR 16056019949102 RUR 16056019949103 Ստացող՝ Աղավնի Գասպարյան