Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբևէ չենք քննարկի ԼՂ հարցը՝ Ադրբեջանի կազմում». արտգործնախարարների ասուլիսը (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-10

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին՝ Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է. «Մենք դրական շրջանի ենք հասել։ Բայց ունեցել ենք բանակցային մի գործընթաց, որը տեղից չի շարժվել։ Միգուցե պատճառն այն է, որ մենք չենք գտել ճիշտ դուռը։ Կան ակնկալիքներ հայկական, ադրբեջանական կողմերից։ Առաջին հերթին պետք է ապահովվի, որ զինադադարն առաջվա պես գործի»։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ավելացրել է. «Եթե լիակատար ձևով հարգվեն եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագիրը և վերջին պայմանավորվածությունները, ապա հնարավոր կլինի շարունակել բանակցությունները։ Դրա հիմքում պետք է ընկած լինի ԼՂ ինքնորոշման ճանաչումը և իրագործումը»։ Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում նախորդ տարի Թուրքիայում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ Էրդողանի նամակ-ափսոսանքը Պուտինին, Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Դա Ռուսաստանի և Թուրքիայի քննարկելիք և լուծվելիք խնդիրներն են։ Վերջին տարիներին Թուրքիան, չլուծած իր հին, բարդ անցյալի խնդիրները, նոր խնդիրներ հարուցեց։ Հայտնվելով բարդ իրավիճակներում, նա երբեմն փորձում է դուրս գալ դրանց տակից»։ «Մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որը կրում է բազմաթիվ կոնֆլիկտների, լարվածությունների դրոշմը։ Եթե լուծումներ ենք ուզում գտնել կոնֆլիկտների համար, մենք ստիպված ենք աշխատել Թուրքիայի հետ։ Մենք պետք է փորձենք մեղմել, կրճատել լարվածությունները։ Պետք է ողջունել, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմվում է։ Կոնֆլիկտների լուծման մասով մենք մեր ջանքերը կարող ենք ուղղել Սիրիային»,-ասաց Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Բրիտանական Brexit-ի վերաբերյալ հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց հետևյալը. «Դա Բրիտանիայի ժողովրդի ընտրությունն է։ Ամեն երկիր ինքը պետք է որոշի, թե որ ինտեգրացիոն գործընթացներում, ինչ մակարդակով պետք է մասնակցի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ առավել զարգացնելու համագործակցությունը Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հետ»։ Իսկ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նշեց. «Ես այն մարդկանցից եմ, ով պայքարել է, որպեսզի Մեծ Բրիտանիան մնա Եվրամիության կազմում։ Եվրամիությունը տարիներ շարունակ աշխարհի նկատմամբ ունեցել է, այսպես ասած, բացություն»։  Ակնհայտ է, որ Ադրբեջանն է մերժում հետաքննության մեխանիզմների և վստահության միջոցառումների առաջարկը։ Ի՞նչ ուղերձով է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մեկնում Բաքու։ «Ես ավելի շատ իրատես Արտաքին գործերի նախարար եմ, քան մարգարե, որպեսզի ասեմ, թե ինչպես բանակցությունները կավարտվեն։ Կարող եմ միայն ասել, որ այն, ինչ ապրիլին տեղի ունեցավ, իրավունք չունի կրկնվելու։ Պետք է փորձենք գտնել նոր եզրեր, որպեսզի մեր բանակցությունները շարունակենք»,-պատասխանեց Գերմանիայի արտգործնախարարը։ «Ադրբեջանը փորձում է ասել, որ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»,- հավելում է ՀՀ արտգործնախարարը; Եռանախագահող երկրների դեսպանների վերջին հայտարարությամբ կոչ էր արվում Հայաստանին և Ադրբեջանին վերացնելԵԱՀԿ թիմի ընդլայնման և հետաքննության մեխանիզմի ստեղծման առկա խոչընդոտները։ Արդյո՞ք նման կոչերն օգտակար են՝ լրագրողի այս հարցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Ակնհայտ է, թե եռախանագահներն ում մասին են խոսում։ Հայաստանը բազմիցս արտահայտվել է կողմ՝ մեխանիզմների ստեղծման համար։ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո Ադրբեջանը ձևացրեց, թե պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Դրանով Ադրբեջանը փորձում է ասել, որ Միացյալ նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախարարները կեղծարարությամբ են զբաղվում»։  Ռուսաստանում Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է քննարկելու Արցախի ինքնավարության հարցը։ Նա նշել էր, թե հանդիպմանը նաև այդ մասին է խոսվել։ «Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, որովհետև պաշտոնական հաղորդագրություններում ուրիշ բան է»,-ՀՀ ԱԳ նախարարից հետաքրքվեց լրագրողը։ «Ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս՝ արդյո՞ք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել այդ հանդիպման ընթացքում։ Ես միշտ ասում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու, և տեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի։ Եվ դրանից հետո եզրակացություն կանենք, թե որքանով հնարավոր կլինի համաձայնությունները իրականացնել։ Այսօր Ադրբեջանն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկն ընդգծեց. փորձում է պարանը քաշել իր կողմ կամ ինչ-որ ձևով տպավորություն ստեղծել, թե այդ պայմանավորվածություններն իրենց ի նպաստ են եղել»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը։ Խոսելով ադրբեջանական կողմից հաճախ շահարկվող Նախիջևանի մասին, նա շեշտեց. «Ժամանակին հայաշատ Նախիջևանը, որն այսօր ամբողջովին հայաթափված է, Ադրբեջանի ղեկավարի կողմից օրինակ է բերվում՝ որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար։ Եվ սա վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի։ Բանակցությունների ժամանակ մենք երբևէ չենք քննարկել և չենք քննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը՝ որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը»։ Նախարարը հիշեցրեց եռանախագահող երկրների՝ բազմիցս արած հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտման միջոցով։ Եվ դա պետք է ունենա միջազգային իրավական ուժ։  Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն անդրադարձել են նաև Բունդեսթագի որոշմանը . « Այս քայլով Գերմանիան ոչ միայն արժեքավոր ներդրում է բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, այլ նաև ընդդեմ ցեղասպանությունների մարդկության պայքարին։ Բացի այդ, Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության մեջ պատասխանատվության իր մասը»։ Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց նաև, որ անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն  ուղղված ջանքերին։ Երկու պաշտոնյաները խոսել են նաև Ղարաբաղյան խնդրի մասին. «Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»։ Գերմանացի լրագրողը Հայաստանի արտգործնախարարից հետաքրքրվեց. «Դուք գովեցիք Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը. Հայաստանի քաղաքականության համար դրանից ի՞նչ է բխում, մասնավորապես՝ Թուրքիայի առնչությամբ»։ «Մեր քաղաքականությունն ուղղված է նոր ցեղասպանությունների կանխարգելմանը։ Բունդեսթագի ընդունած որոշումը կարևոր էր ոչ միայն ճանաչման իմաստով, այլև մեծ նպաստ էր միջազգային հանրության ջանքերին։ Շատ կարևոր էր իմաստուն դրսևորումը, որ արվեց ի շարունակություն նախագահ Գաուկի հայտարարության, որ Գերմանիան ճանաչում է պատասխանատվության իր մասը»,-պատասխանեց Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին լրագրողը հարցրեց. «Դուք աջակցություն եք հայտնել այս բանաձևին, բայց երբեք չեք արտաբերել ցեղասպանություն բառը, ինչո՞ւ»։ «Այս բանաձևին ես աջակցություն եմ ցուցաբերել, այդ իսկ պատճառով ցեղասպանություն բառը չեմ օգտագործել։ Այդպիսի խնդիրները չեն արվում ընդամենը այդ մեկ բառի գործածությամբ։ Տվյալ իրադարձությունից 101 տարի անց բանաձև է ընդունվում և սրանով անդրադարձ է լինում պատմական սեփական փորձին։ Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հնարավորինս պետք է բարելավել։ Եվ պետք է ուսումնասիրել նաև Գերմանական կայսրության կողմից այն ժամանակ դրան մասնակցությունը»,-ասաց Պարոն Շտայնմայերը, դարձյալ խուսափելով ցեղասպանություն բառից։ Հիշեցնենք, որ  Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր՝ հունիսի 29-ին, ժամանել է Հայաստան՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով: