Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահեն Հարությունյանն ազատ արձակվեց.ՄԻՊ

Հասարակություն
shahennn

20.40 Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: Շահեն Հարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմից բռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: Շ.Հարությունյանի փաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունից զրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանված կարգովընթացք տալու համար: Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերի հիման վրա իրականացնում են այցեր նաև Ոստիկանության բաժիններ: ՄԻՊ 14.47 Քիչ առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքում գրել է. «Շահենին տարել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (6-րդ վարչություն) Պատկերացնո՞ւմ եք, Շահենը պատրաստվում էր պլակատով հեղաշրջում անել, դրա համար տարել են 6-րդ վարչություն:

Ըստ նախնական տեղեկության` Շահենին ուզում են 72 ժամ պահել, զգուշացրել են, որ կարող է խափանման միջոցը փոխեն ու ազատազրկեն»։
«Ստիպողաբար տանում են Կիրովականի ուղղությամբ». Շահեն Հարությունյան 13. 23 Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը հաղորդում է տվել ոստիկանություն՝ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի առեւանգման վերաբերյալ: Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Ա. Աղումյանին ուղղված գրության մեջ նշված է. «Պարոն Աղումյան, իմ ունեցած տեղեկություններով՝ այսօր, ժամը 11:00-ի հատվածում Գյումրիի կենտրոնական հրապարակի մատույցներում առեւանգվել է Շահեն Շանթի Հարությունյանը: Ես այդ մեքենային ժամը 12-ի հատվածում հասել եմ իմ մեքենայով Շիրակամուտ գյուղի մոտակայքում, կանգնեցրել եմ այն, զրուցել եմ վարորդի եւ նրա կողքի քաղաքացու հետ, պահանջել եմ բաց թողնել Շահեն Հարությունյանին, որը ետեւի նստատեղին էր ու ասաց, որ իր կամքին հակառակ են իրեն տեղափոխում Գյումրիից»: Լեւոն Բարսեղյանը նշել է նաեւ մեքենայի գույնը եւ այլ մանրամասներ, ինչպես նաեւ տեղեկացրել, որ երբ մտել է Սպիտակի ոստիկանատուն՝ հանցագործության մասին հաղորդում տալու, մոտ 20 րոպե պրոցեսը ձգձգել են: Նշենք, որ, իր հերթին, Շահեն Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է. «Ստիպողաբար տանում են Կիրովականի ուղղությամբ»։ Իսկ ավելի վաղ «Ա1+»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ Շահենը բերման չի ենթարկվել: Ավելի ուշ Լևոն Բարսեղյանին է զանգել մեկը, ներկայացել ոստիկան Կարեն (094406070)։ Լևոն Բարսեղյանը ներկայացնում է խոսակցությունը. «Ասում է, ինչ է պատահել, Շահենը ցանկություն է հայտնել գնալ իր մամայի մոտ, մենք էլ ուղարկել ենք։ Չբացատրեց՝ երբ է հայտնել, ում է դիմել, ինչու են որոշել բարեգործությամբ զբաղվել, ինչու են որոշել Գյումրիից Երեւան Դիլիջանով տանել, ինչու են Սպիտակից մտքները փոխել, որոշել Ապարանով տանել։ Ճիշտ այնպես ինչպես 2011-ին ինձ զոռով տարան Սարյանի արձանի մոտից իսկ հետո տարիուկես դատարանում միլիցիք ծվծվում էին, թե ես եկել եմ բողոքի ցույցի ու իրենց խնդրել, որ տանեն մենթովկա, ու պարտվեցին դատական գործը վնասի փոխխհատուցման պահանջն էլ հետը»։ Շահենի մոտ կասկածելի իր են նկատել. ոստիկանություն 11. 58 Ոստիկանությունը հերքում է, թե այսօր Գյումրիում բերման է ենթարկվել Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Այս մասին  «Ա1+»-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից: Աշխատակիցը, ով չցանկացավ ներկայանալ, նշեց միայն, որ Շահենի մոտ կասկածելի իր են նկատել եւ հեռացրել են տարածքից, որպեսզի ստուգում իրականացնեն: Ոչինչ ավելին ոստիկանության լրատվական բաժնից չասացին՝  հորդորելով տեղեկությունների համար դիմել ավելի ուշ: Հիշեցնենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը, ինչպես նաեւ Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանն ահազանգել էին, որ Գյումրիում բերման է ենթարկվել Շահեն Հարությունյանը: