Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Հայկուշը դարձավ Թադեւոսյանների աղջիկը (տեսանյութ)

Քաղաքականություն
haykush-axjikner-1

Փոքրիկ Լիլիան եւ Լարիսան նույնիսկ չեն կռահում, որ հորաքույր Հայկուշն իրենց հետ  ազգակցական կապ  չունի։  Երեք  տարեկան է եղել Հայկուշը, երբ Թադեւոսյան ընտանիքը  մանկատնից նրան բերել է իրենց տուն։    Աղջիկների հետ ոչ կենսաբանական կապը  14-ամյա Հայկուշի համար նշանակություն չունի։ «Մեծ քույրիկը՝ Լիլիան ավելի շատ համեստ է, ինքն իր համեստությամբ սիրել է տալիս, իսկ փոքր քուրիկը՝ Լարիսան ավելի աշխույժ է, երեխեքից ամենաշատը իրեն եմ սիրում»,- ասում է նա։ Երեխա որդեգրելու մասին Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում բնակվող Թադևոսյան ամուսինները մտածել են ողջ կյանքի ընթացքում։ Թեև ունեցել են երկու որդիներ, բայց միշտ երազել են աղջիկ երեխայի մասին։ Ընտանիքի հայրն ամեն ինչ արել է, որ Հայկուշը մյուս երեխաների նման որևէ բանի կարիք չունենա։ vazgen «Չի եղել տարբերություն տղաների ու Հայկուշի միջև։ Այնպես, որ մեկը աղջիկ է, մանկատան երեխա է, իսկ տղաները՝ ուրիշ են։ Երբեք չի եղել, որ թողնեմ նա նեղվի, հավասարություն է եղել։ Երբ գումար է պետք եղել որևէ կարիք հոգալու, աղջիկս ունեցել է»,- ասում է Վազգեն Թադևոսյանը՝ Հայկուշի ոչ կենսաբանական հայրը։ Աղջիկն էլ խոսում է Թադևոսյանների կողմից իր նկատմամբ վերաբերմունքի մասին. «Սիրում եմ շատ ծնողներիս, որովհետև իրենք են ինձ պահել ու մեծացրել, իրենք են տանջվել, երբ փոքր էի։ Ես տեսել եմ նրանց տանջանքները, թե ինչպես են ինձ պահել։ Դպրոցում ինձ ոչ մի բանից հետ չեն պահում»։ Հայկուշը գյուղի պարի խմբակի լավագույն պարողներից է։ Պատվոգիրը դրա ապացույցն է։ «Սկզբից այդ պարը ինձ համար շատ դժվար էր, հետո՝ անընդհատ փորձում էի, փորձում, հետո դարձավ իմ ամենասիրած պարը։ Հայկուշը ոչ միայն տան ուրախությունն է, այլեւ մոր աջ ձեռքը։ Նա խոհանոցում մորն օգնում է սեղան գցել։ «Բոլոր ճաշերը չէ, որ կարողանում եմ եփել, ու որ բոլոր գործերը չմնա մամայի վրա, ինքը ուղղակի ճաշն է եփում, այդ ընթացքում ես սեղանը դնում եմ, ուտում ենք, հավաքում եմ ու ափսեները լվանում»։ Աղջիկն ինքն իրեն համարում է բախտավոր, սակայն ամենօրյա ուրախությունը պայմանավորում է ո՛չ սեփական անձով։ «Երջանիկ կլինեմ, եթե իմ շրջապատի բոլոր մարդիկ մեկը մյուսի հանդեպ լավ լինեն, ու չվիրավորեն իրար, որովհետև դիմացինի հետ ինչպես խոսես, ինքն էլ քեզ հետ նույն կերպ կխոսի»։ tadevosyanner tun Վազգեն Թադեւոսյանը  պատրաստ է անգամ 10 երեխա պահել, եթե բնակարանային հնարավորությունները թույլ տային։ Իրենց ընտանիքի փորձից է ասում՝ խնամատար ընտանիքի ինստիտուտը լավագույնն է, և լիարժեքորեն կարող է փոխարինել մանկատանը։ «Մանկատուն պիտի չլինի, այդ հասկացողությունը պիտի վերանա Հայաստանում, երեխան միշտ էլ ծնողի կարիքն ունի։ Ամեն մեկն այսօր մեկ երեխա վերցնել-պահելով փրկում է երեխայի կյանք։ Երեխան պետք է մեծանա ընտանիքում՝ հասկանալով, թե ինչ է մայր, ծնող, քույր, եղբայր հասկացողությունը»,- ասում է Վազգեն Թադևոսյանը։ Դեռեւս 14 խնամատար ընտանիքներ arayik 2008 թվականից Հայաստանում գործում է խնամատար ընտանիքի ինստիտուտը։ Թադևոսյանների ընտանիքը Հայաստանում 14 խնամատար ընտանիքներից ընդամենը մեկն է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս ծրագիրն իրականացնում է  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի   հետ։ Կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Հայկ Խեմչյանն ասում է. «Պետք է աշխատանքներ տանել, հայտանաբերել պոտենցիալ խնամատար ընտանիքներին, և հայտնաբերել երեխաներին, ովքեր ենթակա են խնամատար ընտանիքում տեղավորվելու։ Հուսով եմ՝ 2017 թվականի սկզբից հնարավոր կլինի երեխաներին տեղավորել ընտանիքներում»։ Աշխատանքի և սոցիական հարցերի նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության, Երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Խաչատրյանն ասում է. «Մեր քաղաքականությունն ուղղված է հաստատություններից երեխաների թվի կրճատմանը և նաև մուտքի կանխարգելումը այս հաստատություններ։  Նպատակը՝ հիմնականում երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելն է և դրա անհնարինության դեպքում երեխային խնամակալության տալը, խնամատար ընտանիքում տեղավորելը և  նաև որդեգրման տալը»։ zatik Պետությունը դեռ չի պատրաստվում կտրուկ հրաժարվել վեց մանկատներից, սակայն դրանց բեռնաթափման խնդիրը դրված է։ Մոտ ապագայում արդեն Վանաձորի  մանկատունը և Նուբարաշենի գիշերօթիկ հաստատությունը կփոխեն իրենց նշանակությունը։ «Նպատակ ունենք և գիշերօթիկ հաստատությունները, և մանկատները վերաձևակերպել ցերեկային կենտրոնների։ Այստեղ ընտանիքից դուրս մնացած երեխաները մինչև 6 ամիս ժամկետով խնամք կստանան մինչև որ կորոշվի նրանց հետագա ճակատագիրը։ Մոտ ապագայում հանրապետությունում մենք կունենանք ընդամենը 1 մանկատուն»,- ասում է Կարինե Խաչատրյանը։ tnoren Զատիկ հաստատության տնօրեն Աշոտ Մնացականյանը դեմ չէ մանկատուն ինստիտուտը փոխարինել խնամատար ընտանիքով, սակայն նա այս հարցում վերապահումներ ունի։ «Երեխայի մուտքը ընտանիք, որտեղ արդեն երեխաներ կան, շատ ծանր վիճակ է առաջացնում։ Ծնողը գուցե ինքն էլ չի նկատում, որ իր երեխային ժպիտ պարգևեց, շոյեց, տարբերություն դրեց երեխաների մեջ։ Եթե խնամատար ընտանիք, ուրեմն այն պարագայում, երբ այնտեղ չկա երեխաներ»։ Երեխաների հետ աշխատելու 23 տարվա փորձ ունեցող Աշոտ Մնացականյանի կարծիքով՝  մանկատան այլընտրանքը  Զատիկի նման կենտրոններն են։ «Այս կենտրոններն այդ խնդրին պատասխանող լավագույն հաստատություններն են, քանի որ այստեղ կարող են լինել հոգևոր գիտակցություն ունեցող մարդիկ, որոնք համապատասխան աշխատանք են տանում երեխաների հետ, երեխաները գտնվում են համապատասխան հսկողության տակ»։ Ընտանիքին սպասելիս zatik erexeq Երեք տարի Է՝  «Զատիկ» նախկին մանկատունը վերաձևակերպվել է երեխաների աջակցության կենտրոնի։ Այստեղ իրականացվում է երեխաների շուրջօրյա խնամք, 6 ամիս հետո նրանք վերադարձվում   են կենսաբանական կամ խնամատար ընտանիք, որոշ դեպքերում էլ երկարաձգվում է այստեղ նրանց կեցության ժամկետը։ Ընտանիքից հեռու ապրող երեխաներ կան նաև Զատիկում։ Գայանեն նրանցից մեկն է։ «Ներսում պաշտպանում են, ներսում շրջապատված եմ այն մարդկանցով, ովքեր ինձ շատ են սիրում ու իմ մասին հոգ են տանում։ Դրսում էլի կան մարդիկ, որ սիրում են, բայց նույն հոգատարությունը չի, ոնց որ այստեղ՝ Զատիկում է լինում։ Ինձ համար այստեղ ավելի լավ է»։ Գայանեն Զատիկ աջակցության կենտրոնի մշտական խմբի ամենաավագ անդամն է՝ 16 տարեկան։ Կյանքի իր ընկալումները փոխանցում է կենտրոնի կրտսերներին։ «Փորձում եմ բացատրել, որ սիրուն չէ իրար նախանձելը, որ մենք ապրում ենք մի տան մեջ ու պետք չէ իրար նախանձել, մենք քույրիկ ու եղբայր ենք»,- պատմում է Գայանեն։ Gayane Ընտանիքի հետ ապրելու մասին միշտ է մտածում, և չնայած հիմա դպրոց չի հաճախում, չի մոռանում իր երազանքի մասին՝ դառնալ մանկավարժ ու զբաղվել երեխաների կրթությամբ։ Արդեն գիտի՝ ինչ կանի որպես ուսուցչուհի դասասենյակ մտնելուց հետո։ «Կբացատրեի՝ առաջինը, որ լինեին լավ մարդ, լինեին պիտանի մարդ, կասեի, որ նախանձն ու չարը իրենց ոչ մի լավ բանի չի հասնի, ոչ մի բանում չի օգնի։ Տղաներին կբացատրեի, որ ուղղակի լավ տղաներ լինեն ազգի համար, կարողանան հայոց բանակին պետք գալ։ Իսկ աղջիկներին՝ ուղղակի երբ մեծանային, մի քիչ խելքով լինեին»։ Զատիկում է օրվա մեծ ժամանակն անցկացնում նաև 14-ամյա Վարազդատը, որը  լավ տիրապետում է  համակարգչին։ «Փոքր ժամանակ տանը ունեինք համակարգիչ, ես եղել եմ 4 տարեկան, այդ ժամանակվանից ես լիքը խաղացել եմ, բոլոր ծրագրերին տիրապետում եմ, համակարգիչի բոլոր դետալները կարող եմ քանդել, հավաքել, նորոգել»։ varazdat Վարազդատը ցանկություն ունի ավելի հմտանալ այս ուղղությամբ, դառնալ ծրագրավորող կամ համակարգիչ  նորոգող։ «Առաջինը՝ մտածում եմ դպրոցը ավարտեմ, հետո ընդունվեմ համակարգիչ սովորելու տեղ և սովորեմ»։ Ապագայի նկատմամբ հավատը գալիս է իր ուժերի վրա վստահությունից, սակայն երբ խոսքը գնում է երազանքների ու դրանց իրականացման մասին, Վարազդատը շատ ասելիք չունի։ Ի՞նչ երազանք ունես հարցին պատասխանում է. «Երազանք չունեմ»։  Արդյո՞ք չես մտածե՞լ երբևէ, ասում է՝ «ոչ...»։ Պետությունն առայժմ  մանկատան կամ նմանատիպ այլ հաստատությունների երեխաների  նպատակների իրականացման համար բյուջեով  գումարներ չի նախատեսում։  Բայց հսկայական գումարներ է ծախսում մանկատները պահելու համար։  Օրինակ՝     միայն  2015 թվականին այդ նպատակով պետական բյուջեից  տրամադրվել է 2 միլիարդ 122 միլիոն 526 հազար դրամ՝   6 մանկատան 749 երեխայի պահելու համար։  Այսինքն՝  մեկ երեխայի հաշվարկով հատկացվել  է 2 միլիոն 856 հազար դրամ։ Untitled Իսկ 2016թ հունվարի 1-ի դրության հանրապետության վեց պետական  մանկատներում ապրում է  660 երեխա, որոնց միայն 10 տոկոսն  է երկկողմանի կամ միակողմանի ծնողազուրկ։ Նրանց մեծ  մասին ծնողները մանկատուն են բերել սոցիալական դրդապատճառներով։ Համեմատական  հաշվարկները ցույց են տալիս, որ  տարեկան մանկատներին հատկացվող գումարները կբավականացնեն 4 անդամ ունեցող 826 ընտանիքի տարեկան ծախսերը հոգալուն։ Նույն այդ գումարով հնարավոր կլինի  վճարել 1222 խնամատար ընտանիքի ՝ մանկատներից երեխաներին վերցնելու և խնամելու համար։ Մեկ խնամատար ընտանիքին պետությունը հատկացնում է ամսական  147 հազար դրամ։