«Եթե մեկն անպատվում է մարդկանց, լռե՞նք». Դ. Բաբայանը՝ Հ. Խանումյանի ծեծի մասին (տեսանյութ)

«Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,-մեկնաբանելով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ լուրը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ նման երևույթ եղել է նաև նախկինում. «Հիմա տեղյակ չեմ, բայց որքան տեսնում եմ լրատվամիջոցներից, այդպիսի մի բան արել է։ Դժբախտաբար, իմանալով դրան, առնչվելով դրա հետ, գիտեմ՝ ինչպիսի մարդ է»։

Հարցին՝ չե՞ք տեսնում այստեղ քաղաքական ենթատեքստ, պարոն Բաբայանն ասաց. «Որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Քանի ընդդիմադիր ունենք, որոնք ոչ պակաս քննադատություն են իրականացնում, բայց անձնապես երբևիցե որևէ մեկին չեն վիրավորում։ Սա Ղարաբաղն է, պատերազմով անցած ժողովուրդ ենք, չի կարելի, որ մեկը շահարկի, թե ընդդիմադիր է, չնայած այդ ընդդիմադիր… վերապահումով կարելի է մոտենալ այդ ամենին։ Երևի մի բան արել է, էլի։ Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել»։

Նախօրեին Հայկ Խանումյանը հայտարարել էր, թե նախաձեռնող խումբ են ձևավորել՝ քաղաքական դաշտ վերադարձած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու համար։ Սա մի՞թե զուգադիպություն է այսօրվա կատարվածի հետ. «Պաշտպանության նախարարը գյուղապե՞տ է, որ ընտրեն։ Պետք է օրենքները հարգվեն։ Սա 1917 թի՞վն է. բոլշևիկյան հեղափոխությո՞ւնն է, որ հրամանատարների ընտրեն։ Ի՞նչ է նշանակում. պահանջում են, որ մեկին նշանակեն Պաշտպանության նախարար։ Այդ պահանջը, արդյունք, բնական է, չի տալու։ Դա սադրանք է»։

Դիտարկմանը, թե շատ գործիչներ, նաև՝ Արցախից, նշում են, որ այնտեղ իրական ընդդիմություն գոյություն չունի, ինչ-որ վտանգ ներկայացնո՞ւմ էր Հայկ Խանումյանը, ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց. «Ընդդիմություն կա։ Ընդդիմություն կոչվածներն էլ պետք է այնպես անեն, որ չարժեզրկվեն։ Հիմա եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք։ Կրկնում եմ՝ դժբախտաբար, լավ ճանաչելով դրան, ահագին օգնել եմ ես այդ…չեմ էլ ուզում մարդ կոչեմ։ Գիտեմ՝ ում հետ գործ ունեմ, տեսել եմ՝ ինչ է դա իրենից ներկայացնում։ Կարծում եմ՝ դիտավորյալ է դա արել, որպեսզի քաղաքական երանգ տա»։

loading