Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծի է ենթարկվել արցախցի ընդդիմադիր պատգամավորը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hayk_khanumyan

Այսօր առավոտյան աշխատանքի գնալիս հարձակման է ենթարկվել Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ կուսակցության» ղեկավար, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վլադիմիր Դոլուխանյանը։ «Հաշվեհարդար է` ֆիզիկական հարձակման տեսքով։ Դեմքին կա հարված, փորի հատվածից է բողոքում, նախնական՝ արյունահոսություն չկա, խոսում է, հիմա չենք կարողանում իրեն հանդիպել, քանի որ ստուգման պրոցեսում է»,- ասաց նա։ Հայկ Խանումյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է։ Ըստ Վլադիմիր Դոլուխանյանի՝ սա պատահական դեպք չէ և ծավալած քաղաքական գործունեության հետևանք է. «Բացահայտ ընդդիմադիր քաղաքականությունն է պատճառը։ Հայկ Խանումյանը, իր ղեկավարած կուսակցությունը ամեն ինչ այլ ձև  է պատկերացնում, քան իշխանությունները։ Դեպք է տեղի ունեցել, որով փորձել են վախեցնել ոչ միայն տվյալ մարդուն, այլև ընտրազանգվածին, բնակչությանը, քաղաքացիներին, ովքեր փոփոխություն են ուզում»։ Ընդդիմադիր կուսակցության անդամի համար զարմանալի չէ, որ դեպքը տեղի է ունենում երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած գործողություններից հետո, որի մասնակիցների թվում էր նաև Հայկ Խանումյանը։ «Պարզ է, որ փորձելու են ներկայացնել հասարակ խուլիգանական արարք, թե ինչ- որ մարդիկ ինչ-որ խնդիրներ են ունեցել, իրականում սա քաղաքական գործունեության հետ կապված է։ Պատասխանատուն մեկ կողմն է»։ Ըստ իր տեղեկություններ` ոստիկանությունը դեռևս չի այցելել հիվանդանոց՝ դեպքը բացահայտելու համար գործողություններ սկսելու. «Խնդրեցինք բժիշկներին, որ ոստիկանությանը հաղորդում տան, բայց ասում են, թե սպասում են ամբողջությամբ ախտորոշում տեղի ունենա, որպեսզի իմանան, թե ինչի հիման վրա են հաղորդումը տալիս»։