Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրական 5,000 դրամ՝ կամավորներին

Պաշտոնական
9db232bb-4744-40f8-a689-6ad3739de678

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ պաշտպանության բանակի կողմից կամավորների մի մասին արդեն տրվել է կանխավճար, սակայն կառավարությունը հաստատել է, որ մարտական ծառայության յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարել 5,000 դրամ՝ առանց եկամտային հարկի: «Որոշումը վերաբերում է առաջին հերթին չաշխատող քաղաքացիներին, իսկ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և պետական մասնակցությամբ հիմնարկ-ձեռնարկությունների այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը ցածր է 150,000 դրամից, կտրամադրենք ստացած գումարի տարբերությունը: Ծրագրում ընդգրկված են նաև մի շարք խոշոր տնտեսվարող կազմակերպությունների աշխատակիցներ»,- ասել է վարչապետը: Այնուհետև զեկույցով հանդես է եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը: Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների հետ ճշգրտվում են կամավորների ցուցակները, և հունիսի 6-ից «Արցախոստ» ՓԲԸ միջոցով կսկսվի այդ գումարների տրամադրման գործընթացը: «Ովքեր այդ ճշգրտումների արդյունքում չեն նույնականացվի, հունիսի 6-ից «Արցախոստ»-ի բաժանմունքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները կգրանցեն նրանց անձնագրային տվյալները, և արդեն հաջորդ փուլում կտրամադրենք նրանց գումարները ևս»,- ասել է Ս. Ավանեսյանը: Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել պաշտպանության բանակի համապատասխան կառույցներին և շրջվարչակազմերին՝ համակարգված աշխատանք իրականացնելու համար, որպեսզի գործընթացը զերծ լինի բացթողումներից: Ա. Հարությունյանը նշել է նաև, որ բանկերի ղեկավարների հետ համաձայնություն է ձեռքբերվել, ըստ որի՝ բանկային պարտավորություններ ունեցող կամավորները վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորություն կունենան: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին