Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի նախկին չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին կխաղա Երեւանում

Սպորտ
sport-chess-veteran

«Կազմակերպչական բոլոր խնդիրներն արդեն լուծված են, քանի որ երկար ժամանակ է, որ պատրաստվում ենք մրցաշարին: Եթե մասնակիցներից որեւէ մեկը մուտքի վիզայի հետ կապված խնդիրներ ունենա, ապա այդ հարցին էլ արագ լուծում կտրվի: Մենք լիովին պատրաստ ենք առաջին անգամ Հայաստանում կազմակերպելու շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: Բանախոսը նաեւ հայտնեց, որ հունիսի 4-14-ը Երեւանում կայանալիք շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությանը կմասնակցեն 18 երկրների 93 շախմատիստ, որոնցից 75-ը արտասահմանից են, իսկ մնացածը՝ Հայաստանից: «Մրցաշարը բավականին բարձր վարկանիշ ունի, քանի որ 13 հոգի գրոսմայստեր են, 10-ը՝ միջազգային վարպետ: Մասնավորապես՝ մրցաշարին հայտավորվել է կանանց շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին, ինչպես նաեւ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, որը վարկանիշով առաջին տեղում է», - նշեց ՀՇՖ գլխավոր քարտուղարը: «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, արդյո՞ք ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված նման մրցաշարի կազմակերպումը, Միքայել Անդրիասյանն ասաց. «Բոլոր մասնակիցներն իրենք են կատարելու իրենց ծախսերը, բացի այդ, նրանք որոշակի կազմակերպչական վճարներ են անում: Մենք գումարներ չենք ծախսելու շախմատի տան վարձակալման համար: Այնպես որ, մրցաշարի անցկացման համար մեծ գումարներ չեն պահանջվում»: