Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Հեռախոսի գործով Վճռաբեկ բողոք կներկայացվի

Հասարակություն
index4

Ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը պատրաստվում է Վճռաբեկ բողոք ներկայացնել: Նրա պաշտպանյալ  Արթուր Մկրտչյանը բողոքարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 5 տարի առաջ  կայացրած ակտը: Արթուր Մկրտչյանի մոտ բջջային հեռախոս էր հայտնաբերվել, որն էլ համարվել էր այնպիսի զանցանք, որի դեպքում չի կարող ներկայացնել պայմանական ազատ արձակման դիմում: «Նախ աշխատակիցն ասել էր, որ եթե կամավոր հանձնեք, տույժի չեք ենթարկվի: Ինչպես դատական նիստի ընթացքում երեւաց, աշխատողն անօրինական քայլ էր կատարել, եւ իրավասու չէր նման բան ասել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Փաստաբանի խոսքերով՝ գործընթացն անօրինական է եղել:  «Որոշումներից մեկի մեջ, որպես իրավախախտման հատկանիշ, ներկայացված էր, որ Արթուր Մկրտչյանը հանձնել է հեռախոս, հեռախոսի  հանձնումը ինքնին իրավախախտում չէ:  Չկա նկարագրված ինչն է խախտումը՝ պահել է , ձեռք է  բերել, օգտագործել է, ի՞նչ է արել, որ դա իրավախախտում է»: Ռոբերտ Ռեւազյանը  հնարավոր է համարում  հարցը  ՍԴ-ում  վիճարկելը: «Այն առումով, որ Քրեակատարողական օրենսդրությունը պատասխանատվությունից ազատելու հիմքեր չի տեսնում »: Հիշեցնենք, որ 20 ցմահ դատապարտյալներ հատել են 20 տարվա շեմը, սակայն նրանցից ոչ մեկն ազատ չի արձակվել` տարբեր պատճառաբանություններով:   Արթուր Մկրտչյանը  մեղավոր է ճանաչվել 5 համածառայակիցների սպանության մեջ: Դատարանում չի ընդունել մեղքը՝ պնդելով, որ սպանությունը կատարել են անծանոթ մարդիկ, որոնք այդ օրը եղել են Կոթիի զորամասի հենակետում: