Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալացիների ճանաչման փաստաթուղթը հանձնվեց թանգարանին (տեսանյութ)

Քաղաքականություն
cexaspanutyun-1

Օրերս իտալական երեք քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերն այսօր ՀՀ Սփյուռքի նախարարությունում հանդիսավոր կերպով հանձնվեցին  Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն «Ա1+»-ի հետ զրույցում կարևորեց իտալական քաղաքների քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր ճանաչում մեզ համար կարեւոր է. «Թե նման փոքր քաղաքների, թե նահանգների, թե ՀԿ-ների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է երկու տեսանկյունից։ Առաջին հերթին՝ ցանկացած ճանաչում բարձրացնում է իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության մասին, երկրորդ կարեւոր խնդիրը, որ մենք լուծում ենք, ցեղասպանության թեման միջազգային ասպարեզ բարձրացնելը եւ դրանով ՀՀ անվտանգության մակարդակը բարձրացնելն է։ Քանի դեռ խոսվում է դրա մասին, մենք ճնշում ենք գործադրում Թուրքիայի նկատմամբ՝ ստիպելով նրան պաշտպանվել եւ հակադարձ քայլեր անել, ոչ թե նախահարձակ լինել։ Այս գործընթացը վերջ չունի։ Մենք անընդհատ պետք է աշխատենք այս ուղղությամբ»։ Փաստաթղթերը Սուրեն Մանուկյանին հանձնեց Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետերն իրենք են խնդրել անձամբ փոխանցել դրանք Հայաստան։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ապրիլի 7-ին եւ մայիսի 16-ին իտալական Չիվիտա Կաստելլանա,Կանոզա եւ Մոնատե քաղաքների քաղաքային խորհուրդները միաձայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Փաստաթղթերի հանձման արարողությունից հետո սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին խորհրդի անդամներն ու քննարկվեցին նախարարության անելիքներն ու ծրագրերը։