Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակցությունների հաջորդ փուլը՝ հունիսին (տեսանյութ)

Քաղաքականություն
823eed46d39fc36b984130d88906b213

2015թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության համար պետական բյուջեից հատկացվել է 13 մլրդ 938 մլն դրամ: ԱԺ-ում այսօր պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ արարողակարգային ծախսերը շատ համեստ են եղել՝ տրամադրվել է ընդամենը 191 մլն դրամ: Վեջին տարիների ընթացքում պետական բյուջեի քննարկումներին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը չէր մասնակցում՝ նրան փոխարինում էին փոխնախարարները: Այս անգամ նա անձամբ եկել էր ԱԺ՝ ներկայացնելու իր ղեկավարած գերատեսչության կատարած միջոցառումներն ու ծախսերը: Իր խոսքում նա նշեց, որ միայն 67 400 մլն դրամ տրամադրվել է տպագրական ծախսերին, որից 170 հազարը՝ արտոնագրերի, 30 հազարը՝ վերադարձի վկայականների համար. «Սրանք հյուպատոսական ծառայությունների համար փաստաթղթեր են: Որ ասում եմ տպագրություններ, մի պատկերացրեք, թե գրքեր են տպագրվել»: Բացի այդ, նա նշեց նաեւ, որ նախարարությունը ձեռք է բերել երկու ավտոմեքենա. «Սակայն պետք է նշել, որ ավտոմեքենաների թիվն այդպիսով չի ավելացել, քանի որ երկու մեքենա օտարվել է ու փոխարինվել նորերով: Ունենք 17 մեքենա, որոնք նաեւ սպասարկում են ներկայացուցչական խմբերին»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեք հարց ուղղեց նախարարին. «Նաեւ միջազգային մամուլը համառորեն տեղեկություն է  շրջանառում, որ հունիսին սպասվող ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հնարավոր է կողմերի միջեւ համաձայնագիր ստորագրվի: Դա ռացիոնալ հիմք ունի՞, թե ոչ: Նաեւ ուզում եմ իմանալ՝ ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրումն ինչ փուլում է: Ինչպես նաեւ՝ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ փուլում է ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից մեր խոշտանգված զինվորների հայցերի ներկայացումը եվրոպական համապատասխան ատյաններ»: Նախարար Նալբանդյանը նշեց, որ ԵԱՀԿ եռանախագահների համատեղ հայտարարությանը Ադրբեջանը հրաժարվեց միանալ. «Հաջորդ փուլը բանակցությունների հունիսին է՝ վայրը դեռ չի ճշտված, սակայն այն նվիրված կլինի նրան, որ վերսկսվեն բանակցությունները: Սակայն դրանք կվերսկսվեն, եթե ընդլայնվեն ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչի գրասենյակի լիազորությունները, բացառվի ապրիլի սկզբին տեղի ունեցած լայնամասշտաբ պատերազմի կրկնությունը: Այս ուղղությամբ ջանքեր են գործադրվում՝   hունիսի սկզբին  առանձին հանդիպումներ են լինելու  եռանախագահների հետ, որոնց ժամանակ կշարունակենք այն հնարավորությունների քննարկումը, որ լիակատար իրականացվեն այն պարտականությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում»: Ամենայն հավանականությամբ՝ համանախագահները մայիսի 31-ին կհանդիպեն Ադրբեջանի, իսկ հունիսի 2-ին ՀՀ արտգործնախարարի հետ։ Ինչ վերաբերում է ռազմական փոխօգնության պայմանագրի ստորագրմանը, ապա Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դա հանձնարարվել է իրենց նախարարությանը. «Համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում, սակայն դրա հետ կապված մյուս քայլերը կապված կլինեն ապագա զարգացումներից ու գործոններից, քանի որ սրանք պարզ գործընթացներ չեն: Ինչ վերաբերում է միջազգային ատյաններում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերի ներկայացմանը, ապա մենք շարունակելու ենք ներկայացնել այդ աղաղակող փաստերը, եւ հուսով ենք, որ համապատասխան արձագանքներ կլինեն: Սրանք եւս պարզ գործընթացներ չեն»: Նաիրա Զոհրաբյանը նաեւ ավելացրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ում Արցախի ճանաչումը համարեցինք այս պահին ոչ ճիշտ է ընդունելը. «Ստացվում է՝ նույն ռեժիմով գնում է նաեւ ռազմական փոխօգնության պայմանագրի քննարկո՞ւմը, որի ԱԺ գալը եւս կապված է ինչ-ինչ խնդիրների հետ»: Նախարարը նշեց, որ ինքը նույն հավասարության վրա չէր դնի այդ երկու հարցերը. «Այլ կասեի, որ այդ համաձայնագրի հետ կապված հարցերը գտնվում են մեր օրակարգում: Նաեւ՝ ասացի այն, ինչ ասացի»: