Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է

Պաշտոնական
zinvor

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել  քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ:  Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքները պարզելու համար: Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է  ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին: Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը մայիսի 26-ին ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին