Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վայրագությունների հեղինակները պետք է պատասխան տան.ԵԽԽՎ համազեկուցողներ

Քաղաքականություն
exxv211

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին հայտարարությամբ այսօր ամփոփել են իրենց երեւանյան այցը։ Նրանք Երեւանում էին մայիսի 11-12-ը։ Նոր ընտրական համակարգը եւ Ընտրական օրենսգիրքը , եթե  կիրառվեն  պատշաճ  , կարող են   կարեւոր նոր փուլ  դառնալ Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործում, - ասել են նրանք , բայց միաժամանակ ներկայացրել իրենց մտահոգությունը հանրային վստահության պակասի վերաբերյալ. «Միաժամանակ՝ լիովին կիսում ենք Վենետիկի հանձնաժողովի արտահայտած մտահոգությունը, որ օրենսգիրքը խրթին է, ինչը կարող է ազդեցություն ունենալ ընտրական համակարգի վերաբերյալ հանրային վստահության վրա»։ Համազեկուցողները ողջունել են իշխանությունների կամքը՝ աշխատելու Վենետիկի հանձնաժողովի հետ՝ հաշվի առնելով  մտահոգություններն ու դիտողությունները։ «Հայաստանում նոր քաղաքական համակարգի ներդրումը կարող է դրական ազդել  այն կուսակցությունների վրա, որոնք պատրաստ են համագործակցել և քաղաքական կոալիցիաներ կազմել, ինչը հակակշիռ կհանդիսանա  մտածողությանը, որը, ցավոք, գերիշխում է Հայաստանի քաղաքական համակարգում՝ հաճախ ի հաշիվ երկրի ժողովրդավարացման»,- նշում են ԵԽԽՎ համազեկուցողները։ Նրանք  մտահոգություն են հայտնում Ընտրական օրենսգրքի նախագծի այն դրույթների առնչությամբ, որոնք արգելում են երեքից ավելի կուսակցություններից կազմված կոալիցիաներին կառավարություն կազմել ընտրությունների առաջին փուլում և շատ կարճ ժամանակ տալիս կուսակցություններին իշխող կոալիցիա կազմելու համար՝ մինչեւ   ընտրությունների երկրորդ փուլի նշանակումը: Ինչ վերաբերում է  ԼՂ հիմնախնդրին՝ համազեկուցողները   իրենց մտահոգությունն են հայտնել ապրիլին շփման գծում լարվածության առիթով։ Նրանք ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հայտարարությունները  ստեղծելու հետաքննական մեխանիզմ՝ ԵԱՀԿ հովանու ներքո , որը կարեւոր կլինի հրադադարի  ռեժիմի պահպանման  համար։ Նրանք նաեւ նշել են, որ տեղեկացված են վերջին վայրագությունների մասին եւ կարեւորում են դրանց հետաքննումը. « Այդ հաղորդումները պետք է ամբողջովին և անկախ կերպով հետաքննվեն, գերադասելի է՝ Մինսկի խմբի շրջանակներում, և եթե ապացուցվեն, դրանց պատասխանատուները պետք է լիակատար պատասխանատվության կանչվեն և դատապարտվեն՝ հումանիտար և մարդու իրավունքների՝ ազգային և միջազգային օրենքների համաձայն: Առանց հետաքննության, այս հաղորդումները կշարունակեն կողմերի միջև անվստահության և լարվածության աղբյուր լինել»։ Համազեկուցողները նաեւ անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին՝  նշելով, որ կոռուպցիան դեռեւս լուրջ խնդիր է Հայաստանում։ Նրանք կոչ են արել իշխանություններին մեծացնել այն պաշտոնյաների շրջանակը, որոնց ունեցվածքը կամ շահերի բախումը քննության առարկա կդառնա Էթիկայի հանձնաժողովում: Համազեկուցողները իրենց զեկույցը կներկայացնեն Մոնւտորինգի հանձնաժողովին հունիսին։ Իսկ Հայաստան պատրաստվում են կրկին այցելել աշնանը։ Ամբողջական  հայտարարությունն այստեղ