Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համբարձման տոնի վիճակահանությունը հեթանոսական չէ» (տեսանյութ)

Հասարակություն
qahana

Մայիսի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: ԱՀԹ Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի խոսքով՝ ինչպես քրիստոնեական մյուս տոները, Համբարձման տոնը նախեւառաջ տոնվում է սուրբ պատարագով: Նա միեւնույն ժամանակ նշեց, որ տոնից անմասն չեն մնացել ժողովրդական խաղերն ու ծիսակատարությունները: Քահանայի խոսքով՝ Համբարձման տոնի խաղերի հիմքում հեթանոսական արմատներ չկան, ինչպես շատ հաճախ նշվում է, այլ քրիստոնեական. «Երբ Հիսուսի 12-րդ առաքյալ Հուդան դարձավ դավաճան, պետք է նոր առաքյալ ընտրեին: Եւվ 11 առաքյալները որոշեցին ընտրել երկու հոգու եւ այդ երկուսից վիճակահանությամբ որոշեն 12-րդին:  Այստեղից էլ գալիս է Համբարձման տոնին վիճակ հանելու սովորույթը»,-ասաց նա: Տեր Ղազար քահանա Պետրոսյանի խոսքով՝ մարդիկ ավանդաբար Համբարձման տոնը նշել են նաեւ բարձրադիր վայրերում գտնվող սրբավայրեր գնալով: «Արայի լեռան ժայռերի մեջ՝ բարձրադիր գեղեցիկ մի վայրում, Ծաղկավանք ունենք, եւ Համբարձման օրը հենց  Ծաղկավանքի ուխտի օրն է, այսինքն՝ մարդիկ գնում են այնտեղ, սուրբ պատարագ մատուցում եւ տոնակատարում Սուրբ Համբարձումը»,-եզրափակեց քահանան: