Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա կարմիր գիծ, որն ուղղակի չպետք է անցնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
mehrabyan

Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջելը ցանկացած քաղաքական միավորի իրավունքն է, ուղղակի դա պետք է հիմնավորվի: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն գնահատականներին, թե շփման գծում առկա լարվածության ֆոնին բարոյական չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը: «Եթե այդպես լիներ, ապա Իսրայելում, օրինակ՝ 1947թ. հետո պետք է էլ իշխանություն չփոխվեր»,- նկատեց Ռուբեն Մեհրաբյանը: Նրա համար զարմանալի չէ, որ իշխանություններն իրենց բացթողումները շտկելու փոխարեն խոսում են կոնսենսուսից. «Ես գոնե տպավորություն ունեմ, որ մեր փորձությունները դեռ առջեւում են եւ պետք է զերծ մնալ քայլերից, որոնք ուղղակի պետությունը կթուլացնեն: Պայքար իշխանության, իշխանության արատների դեմ, պայքար նույնիսկ հանուն իշխանության, այդ ամենը միանգամայն լեգիտիմ է եւ օրինական, սակայն այդտեղ անցնում է մի կարմիր գիծ, որը կոչվում է պայքար պետության դեմ. այդ կարմիր գիծն ուղղակի չանցնել»: Ընդդիմադիր շատ ուժերի պահվածքը, ՀՀԿ փոխնախագահը կապել էր 2017թ. ԱԺ ընտրություններով, սակայն միաժամանակ կոչ արել՝ շարունակել կոնսենսուսը երկրի գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ: Ռուբեն Մեհրաբյանը դա նորմալ չի համարում. «Փորձել այդ ընտրությունների ժամանակ բարձրաձայնվող քննադատական կարծիքները լղոզել կոնսենսուսի կոչերով, կարծում եմ՝ դա ամենավերջին բանն է, որ պետք է անի իշխանությունը»: Քաղաքագետը եւս մեկ անգամ հիշեցնում է. պետական կառավարման այս որակները, որոնք մինչ օրս եղել են, այսօրվա մարտահրավերներին ադեկվատ չեն: