Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նվազագույն աշխատավարձն իրավական հիմք չունի»

Հասարակություն
ashxatanq

«Հայաստանում նվազագույն աշխատավարձը, որը սահմանված է 55 հազար դրամ, չունի իրավական հիմք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը՝ նշելով. «Որպես անձ, չեմ կարող համաձայն լինել այդ թվի հետ, որովհետեւ դա իրավական հիմք չունի: Բոլորս էլ հարկեր ենք վճարում, մեկի համար դա շատ է, մյուսի համար՝ քիչ, բայց դա օրենքով սահմանված թիվ է, իսկ նվազագույն աշխատավարձի դեպքում, երբ չկա հաշվարկ, ինչպե՞ս կարող ենք համաձայնել այդ թվի հետ: Եթե դրա վերաբերյալ լինի համապատասխան իրավական ակտ, որով սահմանվել է նվազագույն աշխատավարձի չափն ու պարունակությունը, ապա որեւէ խնդիր չի լինի»,-ասաց նա: Բորիս Խառատյանի խոսքով՝ այսօր աշխատանքային հարաբերություններում ունենք 49 տոկոս ստվեր, ուստի միջին աշխատավարձը եւս չի կարող իրականին մոտ լինել: «Միջին աշխատավարձն այսօր 180 հազար դրամ է, բայց դա, ժողովրդի ասած՝ կեղտոտ աշխատավարձն է: Մաքուր աշխատավարձը, եթե պահումներն էլ հաշվենք, մոտավորապես 130-135 հազար դրամ է կազմում»: Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը նշեց, որ աշխատանքային հարաբերություններում, այնուամենայնիվ, դրական տեղաշարժ կա. «Մեզ մոտ աշխատողներն արդեն սկսում են գիտակցել, որ գործատուի հետ հարաբերություններում արդյունավետ կերպով պաշտպանված լինելու համար անհրաժեշտ է պատշաճ ձեւակերպել գործատուի հետ հարաբերությունները, այսինքն՝ փաստաթուղթ լինի, որով սահմանվեն աշխատողի եւ գործատուի իրավունքներն ու պարտականությունները»: Ինչ վերաբերում է փորձաշրջանին, ապա, Խառատյանի խոսքով, օրենքը հստակ սահմանել է դրա չափը՝ երեք ամիս, եւ այն, որ փորձաշրջանը նույնպես պետք է ձեւակերպել փաստաթղթով եւ դրա դիմաց աշխատավարձ տալ: