Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պառլամենտից էլ լավ թատրո՞ն. թատերական գործիչները բողոքում են (տեսանյութ)

Հասարակություն
9537c0d40f06a23af9df1dffc132992d

Թատրոնի մասին օրենքի բացակայությունն այսօր մտահոգության առիթ է բոլոր արվեստագետների համար:  Մի շարք թատրոններ չունեն գեղարվեստական ղեկավարներ, ինչը բացասական է անդրադառնում նաեւ բեմադրությունների որակի վրա. «Եթե մենք լսենք մեր ղեկավարությանը, ապա մեզ ո՛չ գլխավոր ռեժիսոր է պետք, ո՛չ գեղարվեստական ղեկավար, ո՛չ էլ՝ թատրոն, որովհետեւ պառլամենտից էլ լավ թատրո՞ն, թատրոն է էլի տեղով մեկ, բայց էնտեղ կան գեղարվեստական ղեկավարներ ու գլխավոր ռեժիսորներ»,- անհանգստացած նշում է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Այս խնդիրը թատերական գործիչների միությունը բազմիցս է բարձրաձայնել: Բայց  լուծումն այդպես էլ չի եղել. «Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնց լուծումը մենք, որպես  միություն, չենք կարող տալ: Այն կարող է տալ  միայն Մշակույթի նախարարությունը, բացի բարձրաձայնելուց ի՞նչ է մնում, օդ ենք  կրակում: Այս ամենը  պետական պաշտոն ունեցող անձի անձնական վերաբերմունքն է»,- նշում է  ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը: Մեր դիտարկմանը, թե արդյոք նախարարի՞ մասին է նա խոսքում, պարոն Ստեփանյանը պատասխանեց. «Իսկ ուրիշ ո՞ւմ նկատի ունենամ»: Պետական  սեկտորի անգործության պատճառով բաց է մնում նաեւ թատերական աշխարհին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր, վստահեցնում են միության անդամները: Այսօր շատ  թատրոններ ունեն շենքային պայմանների խնդիր: Իսկ  թատրոնի դերասանների  աշխատավարձի  չափը արդեն հումորի թեմա է դարձել. «Վայ, շատ լավա, շատ, մարդիկ որ աշխատավարձ են ստանում, շիվարում են, մտածում են էդքանը ոնց են ծախսելու: Մի հատ անեկդոտ էլ պատմեմ էդ թեմայով: Մեկը մեկին հարցնում է՝ որտե՞ղ ես աշխատում, ասում է՝ թատրոնում, բա թե էդ հասկացա, ասում եմ որտե՞ղ ես աշխատում»,- ժպիտով ասում է Նիկոլայ Ծատուրյանը: Ուստի ՀԹԳՄ  16-րդ համագումարի մասնակիցները  չեն մեղադրում  գործընկերներին  սերիալներում ու զվարճալի  հաղորդումներում նկարահանվելու համար;  Այլապես նրանք ընտանիք պահելու համար ստիպված կլինեին հրաժարվել մասնագիտությունից։