Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«SOS Գյումրին» 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց է լուծել

Հասարակություն
gyumri

« SOS Գյումրի»  նախաձեռնության ջանքերով գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներն իրենց տնակներից արդեն տեղափոխվել են նոր բնակարաններ: «Ա1+» -ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ բացի այդ 13 ընտանիքներից, որոնք ի սկզբանե ընդգրկված են եղել ցուցակում, եւս 3 ընտանիքի համար գնվել է նոր բնակարան: Նրանք պատրաստվում են տեղափոխվել: Ընդհանուր հաշվով, «SOS Գյումրի» թիմը 23 անօթեւան ընտանիքի բնակարանի հարց է լուծել. « 23-ից փաստացի կա 16-ը: Մյուսները խոստումների տեսքով են, որոնք, հույս ունենք, առաջիկայում իրականություն կդառնան », -ասաց նա: Բացի սա, CorwdFunder բրիտանական կայքում «SOS Գյումրին» ավելի քան  25 հազար ֆունտ ստեռլինգ գումար է հավաքել, որը, սակայն, չեն կարողանում ստանալ. « Ինչպես գիտեք, Հայաստանում խնդիր կա PayPal համակարգից գումար ստանալու հետ: Մեր բոլոր բանակցություններն արդյունք չտվեցին: Այժմ քաղաքացիների փոխանցած գումարները սառեցված են իրենց հաշիվներին, եւ մենք բոլորին անհատապես նամակ ենք գրել՝ խնդրելով գումարը փոխանցել մեկ այլ ծրագրի  միջոցով, որպեսզի կարողանանք ստանալ: Նրանք պարզապես պետք է ստուգեն իրենց էլ. փոստերը»,-ասաց նա՝ հավելելով, որ 16 հազար եվրո արդեն փոխանցվել է: Իսկ նախաձեռնության անդամների հաշվեհամարներին 10 միլիոն դրամ է գոյացել: Արեն Մկրտչյանի խոսքով՝ այդ գումարով իրենք տեխնիկա եւ կահույք են գնում նոր բնակարանների համար. «Ամեն անհրաժեշտ կենցաղային իրերով ապահովել ենք բնակարանները: Գյումրիի արտադրամասերից մեկի հետ էլ համագործակցում ենք՝ համեմատաբար մատչելի գներով կահույք ձեռք բերելու համար»: Ինչ վերաբերում է մարտի 21-ից սկսված մարզական իրերի աճուրդին, որն իրականացվում է «SOS Գյումրիի»  ֆեյսբուքյան էջի միջոցով, ապա այն սահմանային լարվածության օրերին դադարեցվել է, սակայն նախաձեռնության անդամները հույս ունեն փոխել ձեւաչափն ու իրերը ուղարկել արտասահման վաճառքի: Ի դեպ, առայժմ միայն 2 իր է վաճառվել, որոնց ընդհանուր գումարը կազմել է 90 հազար դրամ: